211652_close_icon
views-count1969 դիտում article-date 18:13 24-10-2019

ՀՖՖ մամուլի քարտուղարը Թուրքիայում մասնակցել է UEFA Media Officer Shadowing ծրագրին

ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և Լրատվության բաժնի պետ, ՀՖՖ Մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը դարձել է ՀՖՖ առաջին ներկայացուցիչը, ով մասնակցել է մեդիա պատասխանատուների համար ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված ծրագրին և ընդգրկվել 4 լավագույնների թվում: 2019 թ. մարտին ՈՒԵՖԱ-ն առաջին անգամ իրականացրեց ծրագիր, որին կարող էին մասնակցել ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների մեդիա պատասխանատուները: Վերջիններից պահանջվում էր մի քանի էջի սահմաններում ձևակերպել իրենց ցանկությունը և հետաքրքրվածությունը UEFA Media Officer (ՈՒԵՖԱ-ի կողմից նշանակվող պաշտոնյա, ով պատասխանատու է խաղերի մեդիա միջոցառումների վերահսկման համար) դառնալու մեջ: Ի թիվս Էստոնիայի, Սերբիայի և Դանիայի ներկայացուցիչների, 55 երկրներից ընտրված 4 մասնակիցների թվում, ներկայացված շարադրանքի (assignment) արդյունքում և աշխատանքային փորձի հիման վրա, ընտրվեց նաև ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և Լրատվության բաժնի պետ, ՀՖՖ Մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանըմ ով հնարավորություն ստացավ ներկա գտնվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Գալաթասարայ»-«Ռեալ» հանդիպմանը և անմիջականորեն ծանոթանալ UEFA Media Officer Թուրքեր Թոզարի աշխատանքին: Պրակտիկ ուսուցումը (shadowing) սկսվեց նախախաղային օրվա մեդիա միջոցառումներից և ընդգրկեց բուն խաղը ու հետխաղային բոլոր միջոցառումները: «Շատ հետաքրքիր փորձ էր, որը, անկասկած, պետք կգա հետագայում: Ինձ համար մեծ պատիվ էր լինել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ պատմութան ընթացքում նմանատիպ ծրագրի մասնակցած առաջին ներկայացուցիչը: ՀՖՖ-ն տարիներ շարունակ ունեցել է և ունի ՈՒԵՖԱ-ի պատվիրակներ և մրցավարների տեսուչներ, բայց երբեք չի ունեցել և դեռ չունի ՈՒԵՖԱ-ի մեդիա պատասխանատու (Media officer): Հուսանք՝ այս ծրագիրն առաջին քայլը կլինի՝ այդ բացը լրացնելու համար: Չնայած բազմիցս ընդգրկված եմ եղել և ինքս եմ կազմակերպել ազգային հավաքականների մակարդակով բազմաթիվ մեդիա միջոցառումներ, բայց Չեմպիոնների Լիգան լրիվ այլ մակարդակ է՝ սկսած մեդիա ներկայացուցիչների քանակից, վերջացրած ամեն մանրուքը հաշվի առնելու անհրաժեշտությունից: Այդուհանդերձ, պետք է նշել, որ նույնիսկ այս մակարդակի հետ համեմատելով՝ կազմակերպչական առումով մենք բավականին լավ վիճակում ենք, բայց տեսա նաև մի շարք նոր բաներ, որոնց կիրառման դեպքում մենք կկարողանանք ևս մեկ քայլ անել դեպի եվրոպական ամենաբարձր կարգի ստանդարտները: Ընդ որում, այս կարգի հանդիպումների կազմակերպչական հատվածին մոտիկից ծանոթանալը շատ օգտակար կլիներ նաև մեր մարզիչների, ֆուտբոլիստների և լրագրողների համար»,-ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասաց Հայկ Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր