205524 դիտում
13:53 26-10-2019
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Զոլաքարում՝ ջրագծի փոսում, աշխատանքներ կատարելու հետևանքով հողաշերտը լցվել է մարդկանց վրա. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի 11-րդ փողոցում փոսի մեջ՝ հողաշերտի տակ, քաղաքացի է մնացել, իսկ մեկ հոգու էլ գյուղացիները իրենց ուժերով նշված վայրից դուրս են բերել և տեղափոխել «Մարտունի» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ ստացվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցվել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն:
Դեպքի վայր է ժամանել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ Գաբրիելյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Սևակ Խաչատյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատում է նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Զոլաքար գյուղի բնակիչ, 62-ամյա Հ. Հ.-ն է, իսկ վիրավորը նույն գյուղի բնակիչ, 69-ամյա Վ. Մ.-ն է:
Փաստի առթիվ ավագ քննիչ Ս. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորը նշված հատվածում հին ջրագծերի վայրում աշխատանքներ կատարելիս են եղել և քարերն ու հողաշերտը լցվել է նրանց վրա:
Գյուղացիները կարողացել են մեկին փրկել իսկ մյուսը՝ ցավոք, մահացել է: Մահացածին փոսից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+