Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին երիտասարդանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբորի 6-ին, երեկոյան, ինչպես բոլոր չորեքշաբթի երեկոները, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Մայր եկեղեցին մարդաշատ էր:
Յուրաքանչյուր շաբաթվա այս օրը երեկոյան ժամը 18:00-ին Մայր եկեղեցում տեղի է ունենում Խոկման արարողություն:
Երեկ հավատացյալ ժողովրդին ներկայացվեց Սուրբ և Անմահ Պատարագի անցկացման կարգը՝ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի օրհնությամբ:
Արարողության վերջում կենդանի ձայնով հնչեց հոգևոր երգեր և յուրաքանչյուրը հնարավորություն ստացավ մտորելու, աղոթելու և հաղորդակցվելու Աստծո հետ:
Տերունական աղոթքի միասնական ընթերցումից հետո Տեր Հակոբի շուրջ հավաքվեցին մեծ թվով արարողությանը մասնակցած երիտասարդներ և լուսանկարվեցին: Տեր Հակոբը նշեց, որ երիտասարդների առկայությունը փաստում է այն մասին, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին գնալով երիտասարդանում է:
Եթե տարիներ առաջ եկեղեցի էին այցելում միջին տարիքից բարձր մարդիկ, ապա այսօր նկատվում է երիտասարդների մեծ հոսք:Երիտասարդներին և տարեցներին հարց ուղղեցինք եկեղեցի գալու վերաբերյալ. երիտասարդները պատասխանեցին, որ իրենք հասկացել են, որ կյանքում անփոխարինելի և հավիտյան են Սուրբ Եկեղեցին և Տեր Հիսուս Քրիստոսը, իսկ տարեցներն ասացին, որ երիտասարդ տարիներին այդ գիտակցումը իրենք չեն ունեցել, ինչը ունի ներկայիս երիտասարդությունը և այդ ամենը նոր են հասկացել, դրա համար էլ նոր են սկսել այցելել եկեղեցի:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի