211652_close_icon
views-count109498 դիտում article-date 13:02 09-11-2019

Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. Վարդենիսի հիվանդանոցի բժիշկները մահվան ճիրաններից փրկել են 13-ամյա տղայի կյանքը. ոստիկանությունն ու քննչական բաժինը աշխատում են 2 վարկածի՝ ինքնասպանության փորձի կամ դժբախտ պատահարի ուղղությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Մկրտչյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 13-ամյա Ս. Զ.-ն է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վարդենիսի հիվանդանոցի բժիշկները՝ Անահիտ Բարսեղյանի գլխավորությամբ, կարողացել են երեխային մահվան ճիրաններից դուրս բերել և դա նրանց հաջողվել է՝ 2 ժամից ավելի բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո: Երեկ՝ արդեն ուշ ժամի, երեխային Վարդենիսի հիվանդանոցի բժիշկների ուղեկցությամբ տեղափոխել են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 17:40–ի սահմաններում, երեխայի պապը՝ 64-ամյա Ս. Զ.-ն, թոռանը նկատել է իրենց բակում՝ երկաթյա աստիճանավանդակի վերնամասում նախկինում պատրաստված գառ մաշկելու համար նախատեսված հակի թելից կախված վիճակում և պապը կարողացել է թելը շուտ կտրել և ահազանգել Վարդենիսի հիվանդանոց, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել հիվանդանոց: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ դեպք, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո, քանի որ ոստիկանությունն ու քննչական բաժինը աշխատում են 2 վարկածի ուղղությամբ: Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր