211652_close_icon
views-count1570 դիտում article-date 11:41 13-11-2019

Եռօրյա տոն մայրաքաղաքում. մեկնարկում է գրքի երևանյան փառատոնը

Գրքի երևանյան երրորդ փառատոնի շրջանակում նախատեսվում են հայ, արտասահմանյան հեղինակների գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, բանախոսություններ գրատպության, հրատարակչական գործի վերաբերյալ, հանդիպումներ հասարակական, մշակութային գործիչների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնն անցկացվելու է նոյեմբերի 22-ից 24-ը Հայկական բարեգործական ընդհանուր միությունում: Մեզ հետ զրույցում փառատոնի կազմակերպչական թիմի անդամ Անի Հակոբյանը տեղեկացրեց, որ միջոցառման շրջանակում հայտարարվել է գրական մրցույթ, որին ներկայացվել է 87 հայտ՝ 43-ը «Պոեզիա», 34-ը «Արձակ», 10-ը «Դրամատուրգիա» անվանակարգերում։ «Մասնագիտական ժյուրին քննում է հայտերը և շուտով ամփոփելու է արդյունքները: Փառատոնի երեք անվանակարգում հաղթողների անունները կհայտարարվեն փակման արարողության ժամանակ՝ նոյեմբերի 24-ին: Այդ օրը ելույթ կունենան «Հովեր» պետական կամերային երգչախումբը և «Վահագն Հայրապետյան» ջազ քառյակը»,-նշեց Հակոբյանը: Նրա խոսքով` Գրքի երևանյան փառատոնին անցկացվելու է ցուցահանդես-տոնավաճառ, որին կմասնակցի 37 հրատարակչություն, գրախանութ և կազմակերպություն, գրքերը կվաճառվեն մինչև 40 տոկոս զեղչով։ Միջոցառման բացման արարողությանը համերգով հանդես կգան «Ագապէ» կամերային երգչախումբը և «Երևան» լարային քառյակը: Փառատոնի շրջանակում անցկացվող շնորհանդեսներին կներկայացվեն Սթիվեն Քինգի «Փայլատակում», Լայմըն Ֆրենկ Բաումի «Սանտա Կլաուսի կյանքն ու արկածները», Ռուբեն Հովսեփյանի «Հեքիաթներ», Օլգա Տոկարչուկի «Գրքի մարդկանց ուղևորությունը», Սամվել Գասպարյանի «Կաիսայի ընտրյալները. Տիգրան Պետրոսյան» և այլ գրքեր: Կանցկացվեն նաև քննարկումներ «Իմ փոքրիկ գիրքը» մանկական կոմիքսների շարքի, Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» և այլ գրքերի վերաբերյալ, կլինի ջազի և պոեզիայի վինիլային երեկո Վահագն Մարտիրոսյանի հետ: Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Գրքի երևանյան փառատոնն անցկացվում է 2017 թվականից։ Նպատակն է խթանել ընթերցանությունը, ժամանակակից գրականության նկատմամբ հետաքրքրությունը, գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրացումը, նոր հրատարակությունների մասին տեղեկացնելը, նպաստել նոր գրականության ստեղծմանը։ Փառատոնը հնարավորություն է տալիս բա­ցա­հայտել տաղանդավոր ստեղծագործողների և նպաստում է նրանց առաջխա­ղաց­մանը։ Փառատոնը կյանքի է կոչվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր