211652_close_icon
views-count16023 դիտում article-date 21:07 24-11-2019

Այսօր հայկական կինոյի և թատրոնի մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանի ծննդյան օրն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր լրացավ հայկական կինոյի և թատրոնի մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 124-ամյակը: Հրաչյա Ներսիսյանը ծնվել է 1895 թվականին, Կոստանդնուպոլսին մոտ գտնվող Նիկոմեդիա փոքրիկ քաղաքում։ Հայրը՝ Ներսեսը, փոքր ընտանիքի տեր արհեստավոր մարդ, կարողանում է միակ որդուն ուսման տալ։ Հրաչյան սովորում է ֆրանսիական Սեն-Բարբ քոլեջում, ամերիկյան Ռոբերտ քոլեջում և հայկական Էսայան վարժարանում, բայց չի ավարտում դրանցից ոչ մեկը։ Այս անկանոն կրթությունն ապագա դերասանին տալիս է լեզուների իմացություն, ֆրանսիական և անգլիական հեղինակների երկերը բնագրով կարդալու հնարավորություն։ Արվեստասեր Գրիգոր պապի (մորաքրոջ ամուսնու) տանը լինում էին գրողներ ու արվեստի մարդիկ։ Շատ հաճախ՝ Դանիել Վարուժանը։ Պատանի Հրաչյան նրանց զրույցների մշտական ունկնդիրն էր։ Նրան վիճակվում է լսել Կոմիտասին իրենց իսկ տանը, ուր ապրել էր մեծ երաժիշտը, ծանոթանալ նրա հետ։ Քսանամյա Հրաչյան թատրոնից նույնքան հեռու էր, որքան դրանից առաջ, թեև Կոստանդնուպոլսի Պտիշան թատրոնում մի քանի անգամ, ընկերոջ հրավերով, մասնակցում է Պենկլյան օպերետային խմբի թուրքերեն ներկայացումներին։ 1915 թվականին Հրաչյան զինակոչվում է թուրքական բանակ իբրև թարգմանիչ, նույն թվականի ապրիլին էլ սկսվում է Մեծ եղեռնը։ Երեք տարի իբրև տաճկական զինվոր, պաշտոնով թարգմանիչ, Մերձավոր Արևելքի և Միջագետքի երկրներում թափառող երիտասարդն իր մեջ կրում էր այդ խորին վիշտը։ Արհավիրքների քաոսը զգայուն երիտասարդի շփոթ ներաշխարհում խախտում է ամեն ինչ, հերքում քաղաքակրթության և մարդկային բարոյականության ամեն մի պատկերացում։ Հրաչյան ապշահար 1918 թվականին կրկին հայտնվում է Կոստանդնուպոլսում։ Ամեն ինչ, որ անում է երիտասարդը իր համար այնքան անհեռանկար միջավայրում, անում է ակամա, առանց որևէ նպատակի։ Բնատուր լավ ձայնի տեր, բնածին երաժշտական Հրաչյան հայտնվում է Պենկլյան օպերետում իբրև երգչախմբի շարքային մի անդամ։ Նույն թվականին Մկրտիչ Ջանանը կազմակերպում է հայ դրամատիկական ընկերություն և Հրաչյային հրապուրում իր նախաձեռնությամբ։ Թատրոնի ներկայացումներին, մեծամասամբ ֆրանսիական մելոդրամաների բեմադրություններին, մասնակցում է նաև Հրաչյան։ Հենց այստեղ էլ, 1919 թվականին, «Ձայնը հնչեց» պիեսի մեջ խաղալիս երիտասարդը գրավում է Օվի Սևումյանին, ով Կոստանդնուպոլիս էր եկել երիտասարդ ուժեր հավաքելու և Կովկաս տանելու նպատակով։ Հրաչյան դերեր է ստանում Սևումյանի բեմադրություններում, բայց հաջորդ իսկ տարին Սևումյանը վախճանվում է։ Հայ թատրոնը կորցնում է իր ամենաառաջադեմ գործչին, Հրաչյան՝ ուսուցչին ու խորհրդատուին։ Հետո էլ նա խաղում է տարբեր ներկայացումներում, որ բեմադրվում են Վահրամ Փափազյանի և Հովհաննես Աբելյանի ղեկավարությամբ։ 1922 թվականին Վահրամ Փափազյանը Հրաչյային, Մկրտիչ Ջանանին և մի քանի այլ դերասանների ուղարկում է Կովկաս։ Մի որոշ ժամանակ նրանք շրջագայեցին Բաթումում և ուրիշ հայաշատ քաղաքներում, ապա առանց Հրաչյայի մեկնեցին Երևան և միացան Առաջին պետթատրոնի կազմին։ Հրաչյա Ներսիսյանը նրանց միացավ մեկ տարի անց։ 1923 թվականից նա ընդմիշտ դառնում է Երևան քաղաքի բնակիչը, հայկական առաջին թատրոնի դերասանը։ Հրաչյա Ներսիսյանն ունեցել է մեկ որդի՝ Լևոն Ներսիսյանն, ով գրականագետ է և դոցենտ: [b]Դերասանական կյանք[/b] Առաջին տասնամյակում դերասանը միմյանց չզիջող հաջողությամբ խաղացել է և՛ ողբերգական ու դրամատիկական, և՛ կոմիկական ու ֆարսային դերեր, անձնավորել է և՛ չար ու բարի, և՛ հերոսական ու սովորական կերպարներ։ Հաջորդ տասնամյակում Ներսիսյանի՝ արդեն հասուն վարպետի, դերերի թիվը նվազում է, բնույթը՝ փոխվում։ Պատճառը և՛ այն է, որ գնալով առհասարակ նվազում է տարեկան բեմադրությունների թիվը, և՛ այն, որ պիեսների գաղափարակիր հերոսների մեջ ներքի պայքարը դառնում է աննշան ու անէական։ Հայրենական պատերազմից հետո էլ միմյանցից շատ տարբեր դերեր վիճակվեցին Ներսիսյանին և թատրոնում և կինոյում։ 1925 թվականից ի վեր, երբ հայկական առաջին կինոյում՝ «Նամուսում» խաղաց Ռուստամի դերը, մինչը կյանքի վերջը, երբ 1961 թվականին «Տժվժիկ» ֆիլմում խաղաց Ներսես աղբարի դերը, Ներսիսյանը պահպանեց հայկական կինոարվեստի առաջին դերասանի պատիվը, որովհետև պահպանեց բեմի ու էկրանի համար հավասար հաջողությամբ խաղալու հազվագյուտ կարողությունը։ Ետպատերազմյան տարիներին էլ նրա խաղացանկը եղավ շատ բազմազան։ Բեմադրությունների գլխավոր դերերի կողքին՝ համեմատաբար փոքր դերեր, որոնցից մի քանիսը դարձան դերասանական արվեստի երևելի նմուշներ։ Դերասանը խաղաց նաև Լիր արքա, բայց այդ խաղը, որի մեջ քիչ չէին ներսիսյանական փայլատակումները, չունեցավ սպասված հաջողությունը։ 1961 թվականին Մեք-Գրեգորի («Իմ սիրտը լեռներում է») կերպարանքով ասաց իր վերջին խոսքը և հրաժեշտ տվեց կյանքին ու արվեստին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր