211652_close_icon
views-count1335 դիտում article-date 16:15 26-11-2019

Իտալիայի Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակության անդամները քննարկում են ունեցել Հայաստանի դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ

Հայաստանում գտնվող՝ Իտալիայի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ այսօր նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Հայաստանի դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը գլխավորող Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինին կարևորել է դատաիրավական համակարգում Իտալիայի փորձի ներկայացումը Հայաստանում, քանի որ երկու պետություններն էլ խորհրդարանական ժողովրդավարություններ են, իսկ ժողովրդավարական համակարգում դատարանը պետության հիմնասյուներից մեկն է: Նրա խոսքով՝ այս ոլորտում երկու երկրների համագործակցությունը կարող է դրականորեն ազդել դատական համակարգը բարելավելու նպատակով իրականացվող քայլերի արդյունավետության վրա: «Դատական խորհրդի դերը խորհրդարանական ժողովրդավարության մեջ և հարաբերությունները մյուս սահմանադրական մարմինների հետ» խորագիրը կրող հանդիպման ընթացքում Իտալիայի ԲԴԽ պատվիրակության անդամները զեկույցներ են ներկայացրել իրենց երկրում դատական համակարգի գործունեության, ժողովրդավարական համակարգում բարձրագույն դատական խորհուրդների դերի ու նշանակության մասին: Հատկապես կարևորվել է դատարանների ու դատավորների անկախությունն ու այս գործում բարձրագույն դատական խորհրդի ունեցած դերակատարումը: Իտալիայի ԲԴԽ պատվիրակության անդամների զեկույցներին հաջորդել է հարցուպատասխանը ներկաների հետ:

Նմանատիպ նյութեր