1292 դիտում
09:25 27-11-2019
«Հակասական քայլերի» բեռը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն Անաստաս Միկոյանի ծննդյան օրվա առթիվ ֆեյսբուքյան գրառում է արել, որի իմաստը մոտավորապես սա է՝թեև նրա գործունեությունը «զերծ չի եղել հակասական քայլերից», բայց նա համաշխարհային մակարդակի պետական գործիչ էր, մեծ դերակատարում է ունեցել պատերազմի տարիներին, նրա ջանքերով է հաղթահարվել Կարիբյան ճգնաժամը և այլն, իսկ ստալինյան բռնաճնշումների տարիների իր գործունեության վերաբերյալ էլ հետագայում հենց ինքն է ասել՝ «մենք բոլորս այդ ժամանակ սրիկաներ էինք»:
Գուցե կոնկրետ Շարմազանովի ասածների տողատակում ոչ մի բան էլ չկա, բայց բազմաթիվ հանրապետականներ ակնհայտորեն ցանկանում են, որ հասարակությունը հենց «Միկոյանի օրինակով» գնահատի Սերժ Սարգսյանի գործունեությունը: Իբր՝ այո, նա իր նախագահության տասը տարիներին «զերծ չի եղել հակասական քայլերից» (դե, ասենք, ընտրություններ-բան է կեղծել, կոռուպցիոն համակարգ է կատարելագործել, ընտանիքի անդամներն ահռելի հարստություն են կուտակել և այլն), բայց նա, միևնույն է, բարձր մակարդակի պետական գործիչ էր և շատ բան է արել պետության համար, իսկ «ավել-պակասի համար կներեք՝ այն ժամանակ բոլորն էլ սրիկաներ էին»:
Տողատակերով նման զուգահեռներ անցկացնելը գուցեև տեղին կլիներ, եթե Սերժ Սարգսյանը «հակասական քայլերից» բացի նաև պետական նշանակության ինչ-որ խնդիրներ լուծած լիներ: Չենք ասում՝ Կարիբյան ճգնաժամի մասշտաբի, բայց նախագահության տասը տարիների ընթացքում տարածաշրջանային կամ ներպետական նշանակության ինչ-որ խնդիր լուծել հաստատ հնարավոր էր: Իսկ ի՞նչ խնդիր է լուծել Սերժ Սարգսյանը:
Գուցե ղարաբաղյան խնդի՞րն է կարգավորել, կամ գոնե մի քիչ մոտեցրե՞լ է լուծումը: Ճիշտ հակառակը՝ նրա օրոք ունեցել ենք ապրիլյան պատերազմ, տարածքային կորուստներ, և դա, ի դեպ, երկար ժամանակով ետ է շպրտել բանակցային գործընթացը (Ադրբեջանում հույսեր են արթնացել, թե կարող են հարցը լուծել ռազմական ճանապարհով): Գուցե հայ-թուրքական հարաբերություննե՞րն է կարգավորել: Ճիշտ հակառակը՝ նրա օրոք սկսվել է մի գործընթաց, որի արդյունքում հարաբերություններն ավելի են վատացել: Գուցե արտագա՞ղթն է վերացրել:
Ճիշտ հակառակը՝ նրա նախագահության տասը տարիներին Հայաստանից արտագաղթել է բնակչության 12-13 տոկոսը: Կամ գուցե տնտեսական թռիչքաձև ա՞ճ է ապահովել: Ճիշտ հակառակը՝ նրա օրոք Հայաստանի տնտեսության ոչ ծավալները, ոչ որակն առանձնապես չեն փոխվել, իսկ արտաքին պարտքը մեծացել է մի քանի անգամ:
Փոխարենը՝ «հակասական քայլերի» պակաս չի ունեցել: Քրեաօլիգարխիկ տարրերով հզորացրել է ՀՀԿ-ն ու ընտրություններում «տոկոս խփել», նախագահական երկրորդ ժամկետի ավարտից առաջ փոխել է Սահմանադրությունը, որպեսզի երկրի միանձնյա ղեկավարումը շարունակի արդեն որպես վարչապետ, ու այդպես էլ արել է (պարզապես դա ընդամենը մի քանի օր է տևել), քաղաքական դաշտում ներդրել է «հաճախորդների ինստիտուտը» ու խորացրել «գաղջը»… Ակնհայտ է, չէ՞, որ այս քայլերից որևէ մեկը պետական շահի հետ որևէ կապ չունի և պետական գործչի արած չէ:
Սրանք քաղաքական գործչի քայլեր են, ընդ որում՝ այնպիսի գործչի, որի միակ նպատակը սեփական իշխանությունը պահպանելն ու ամրապնդելն է՝ ցանկացած գնով: Քաղաքական գործչի, որի թիմակիցները նրա տասնամյա գործունեությունից ընդամեն ըերկու «նվաճում» են կարողանում ներկայացնել՝ Հայաստանում իր անունով գրանցված անշարժ գույք չունի, մեկ էլ՝ իշխանությունից հեռացել է առանց արյուն թափելու:
Զավեշտն այն է, որ այդպիսի առաջնորդ ունեցող ուժն այսօր խոսում է իշխանություններին հրաժարական պարտադրելու և արտահերթ ընտրությունների մասին: Երևի նրանց թվում է՝ մարդիկ մոռացել են իրենց «հակասական քայլերը»: Չեն մոռացել:
Հ. Գ. Եվ, ի դեպ, սուտ է, որ «այն ժամանակ բոլորն էլ սրիկաներ էին»: Իշխանության ներսում՝ գուցե, բայց դա արդեն այդ տարիների իշխանությունների խնդիրն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
17893 դիտում
10:47 27-05-2017
Դոն Պիպոյի սպանությունը գործով ձերբակալվածները հակասական ցուցմունքներ են տալիս. «Հայկական ժամանակ»
6390 դիտում
10:05 07-11-2017
Ղազախստանից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով առաջին բեռը հասել է թուրքական Մերսին. «Հայկական ժամանակ»
14090 դիտում
10:40 24-10-2017
Ադրբեջանը դիմելու է կեղտոտ քայլերի, դիվերսիաների, որոնք 99 տոկոսով կասեցվում են. Դավիթ Բաբայան. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»