211652_close_icon
views-count1510 դիտում article-date 16:38 27-11-2019

Անասնաբուժական կեղծ վկայականներով դպրոցին միս է մատակարարվել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված գրությամբ և դրան կից ներկայացված՝ համապատասխան պետական հսկողության՝ մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկին պետական կարիքների համար առանձին ապրանքների մատակարարման օրինականությունը: Այդ շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև նշված դպրոցից: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետական կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրի շրջանակներում «Ա» ՍՊԸ-ն, որպես վաճառող, պարտավորվել է գնորդին, այսինքն՝ դպրոցին հանձնել պայմանագրով նախատեսված որակի և քանակի ապրանք՝ միս, ինչպես նաև գնորդի պահանջով տրամադրել վերջինիս որակը հավաստող՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր: Որպես մսի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ, Ա» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է՝ 2019թ. ապրիլ, մարտ և օգոստոս ամիսներին «Բ» ՍՊԸ-ին տրամադրված անասնաբուժական վկայականների պատճեններ, ըստ որոնց, իբրև թե, միսն արտադրվել է անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձին պատկանող սպանդանոցում: Մինչդեռ առկա են տվյալներ, որ նշված Ա/Ձ-ն Բ» ՍՊԸ-ին ծառայություններ է մատուցել մինչև 2017թ. նոյեմբեր, իսկ այս ընկերությունն իր գործունեությունը դադարեցրել է 2019թ. ապրիլից: Պարզվել է նաև, որ վերոնշյալ անասնաբուժական վկայականներից երկուսի բնօրինակները գտնվում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնում, ևս մեկը եղել է խոտանված, հետևաբար չէին կարող դրվել շրջանառության մեջ: Այսինքն՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ դատախազության ուսումնասիրություններով պարզվել է, որ Ա» ՍՊԸ-ն ակնհայտ կեղծ փաստաթղթերը՝ անասնաբուժական վկայականների պատճենները, օգտագործել է որպես իրավունք վերապահող փաստաթուղթ, ներկայացրել որպես մատակարարված մսի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ, ինչի արդյունքում դպրոցն ընդունել է ապրանքը և վճարել դրա դիմաց: Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր