211652_close_icon
views-count6351 դիտում article-date 14:44 30-11-2019

Սպիտակ և Վայք քաղաքների 45 շենքերի բնակարանները դարձել են էլեկտրաէներգիա խնայող

Հայաստանի Սպիտակ և Վայք քաղաքների 45 բազմաբնակարան շենքերում իրականացվել են էներգաարդյունավետության բարելավման աշխատանքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Եվրոպական միության «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագիրն իրականացվել է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի կողմից: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ էներգաարդյունավետությունը և կլիմայական փոփոխությունների կանխարգելման գործողությունները Հայաստանում ԵՄ ծրագրերի առաջնային ոլորտներից են: «Եվրոպական միությունը ողջունում է էներգաարդյունավետության առաջնահերթությունը, հատկապես` բազմաբնակարան շենքերում: Ի հակադրություն հանրային շենքերի վերանորոգման, որտեղ սեփականատերը մեկն է, բազմաբնակարան շենքերը շատ ավելի բարդ են: Սրա հիմնական պատճառն այն է, որ բազմաբնակարան շենքերում անհրաժեշտ է ստանալ բոլոր սեփականատերերի համաձայնությունը, որը դժվար է այն առումով, որ նրանցից շատերն ապրում են արտերկրում, ինչպես նաև չկան բազմաբնակարան շենքերի կառավարման կառույցներ և պահպանման ծառայություններ: Այս առումով ՎԱԷՀՔ ծրագիրը լավագույն փորձն է ստեղծել, 45 շենք վերանորոգվել է, Սպիտակի լրացուցիչ շենքերի մուտքերի դռների փոխումն ընթացքի մեջ է, տեղադրվել են ֆոտովոլտային համակարգեր` ապահովելով էներգիա հանրային շենքերի համար, էներգախնայողությունը յուրաքանչյուր շենքում կկազմի 15-30%»,- ասաց Վիկտորինը: «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի արդյունքում Սպիտակի 33 շենքերի 380 բնակարաններում տարեկան կապահովվի մոտ 1132,96 ՄՎտԺ էներգիայի խնայողություն, որի արդյունքում ածխաթթու գազի արտանետումը կնվազի 295,98 տոննայով, իսկ Վայքի 12 բազմաբնակարան շենքերի 415 բնակարաններում տարեկան կապահովվի մոտ 688,204 ՄՎտԺ էներգիայի խնայողություն, որի արդյունքում ածխաթթու գազի արտանետումը կնվազի 183,337 տոննայով:

Նմանատիպ նյութեր