2379 դիտում
15:32 02-12-2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիսություն` նվիրված երանաշնորհ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 1-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված երանաշնորհ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին:
Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, պետական այրեր, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և այլ հրավիրյալներ:
Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեց «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, ապա ողջույնի խոսք ասաց Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:
Երեկույթին ձեռամբ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի, «ՀայՓոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ավագյանի ու ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանի կատարվեց «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումը:
Այնուհետև հանդիսության առիթով ներկաներին իր հայրապետական պատգամն ու օրհնությունը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Սիրելի հավատավոր զավակներ Մեր,
Գոհունակ սրտով ողջունում ենք Կոմիտաս վարդապետի 150-ամյակի առիթով կազմակերպված այս համերգի մասնակիցներիդ: Մեր երաժշտության մեծ երախտավորի հոբելյանը այս տարվա մեջ նշվեց տարբեր միջոցառումներով, և այսօր մեկ անգամ ևս համախմբվել ենք մեծարելու մեր ժողովրդի երախտարժան զավակին, ներշնչվելու նրա ստեղծագործություններով, որոնք գրավում և հուզում են ճշմարիտ հայկական մեղեդայնությամբ ու բարձր արվեստով:
Մեր ժողովրդի և հայրենի ժառանգության նկատմամբ անհուն սիրով ու նախանձախնդրությամբ Կոմիտաս վարդապետը նվիրվեց մեր հոգևոր և ժողովրդական երգի հավաքման ու մշակման առաքելությանը, որի իրագործումը հայտնություն եղավ ոչ միայն հայ իրականության մեջ, այլև ժամանակի համաշխարհային մշակույթի անդաստանում: Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանում ուսումնառության տարիներից արդեն նա կարևորեց հայոց հոգևոր և ազգային երաժշտության անաղարտ պահպանությունն ու զարգացումը և կուսակրոն քահանայության ուխտը ստանձնելիս՝ ստացավ 7-րդ դարի երախտարժան Հայրապետի՝ շարականագիր ու բանաստեղծ Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսի մեծարելի անունը: Մեր Եկեղեցու հովանու ներքո հայրենի ավանդներով սնված Կոմիտաս վարդապետը, արդարև, եղավ գանձապահ մեր ժողովրդի երաժշտական արժեքների:
Նա վեր հանեց ու ներկայացրեց հայ երգի հնամենի ակունքները և մեր ժողովրդին վերադարձրեց սեփական երգարվեստի անխառն ու անկրկնելի բույրն ու երանգը և դասական գեղեցկությունն ու բարձր արժեքը: Նման տարողունակ, մանրակրկիտ ու նրբաճաշակ գործ կատարելու համար բավարար չէին երաժշտական մեծ կարողությունները, տաղանդը, որ մանուկ հասակից դրսևորվել էր նրա մեջ, լավագույն կրթությունը, որ նա կատարելագործել էր Եվրոպայում, այլև պետք էր նվիրյալ սիրտ՝ զգալու հարազատ ժողովրդի հոգին և ունենալու նրա առաջընթացի մեծ ու պայծառ տեսիլքը:
Այս գիտակցությամբ ու նվիրումով էր Կոմիտաս վարդապետը ստեղծագործում, դասավանդում, հիմնում երգչախմբեր և հայ երաժշտությունը քարոզում տարբեր երկրների բեմահարթակներից` հնչեցնելով այն իր բարձրարվեստ մշակումներով, խմբավարությամբ և իր անզուգական կատարմամբ: Հոգևոր երաժշտության հանդեպ խորին ակնածանքով ու հիացումով՝ երանաշնորհ վարդապետը երկնապարգև իր տաղանդով ստեղծեց նաև երգեր ու մեղեդիներ, նոր մշակումով ներկայացրեց Սուրբ Պատարագի երգեցողությունը, որը հիասքանչ մեղեդայնությամբ պարուրում է հավատացելոց ներաշխարհը, առաջնորդում հաղորդվելու Աստծո հետ, զորանալու Քրիստոսով և Նրա պարգևած փրկության հույսով:
Մեր նախնյաց սուրբ հավատքով ու ոգով, հայրենիքի բույր ու գույնով ներծծված իր ստեղծագործությամբ և նախանձախնդիր ու նրբաճաշակ երաժշտի իր բարձր արվեստով Կոմիտաս վարդապետը բերեց նաև հայկական երգարվեստի և մեր ողջ մշակույթի հանդեպ խնամքով վերաբերմունքի պահանջ: Մեր ազգային ժառանգության պահպանումն ու զարգացումը, առաջադիմության, կատարելագործման ձգտումն ու պահանջը մշտապես պիտի լինեն ատաղձը ազգային մեր հավաքական մտածողության և ուղեկիցը մեր կրթության ու մեր սերունդների, որպեսզի մեր ինքնության ամուր գիտակցությամբ շենացնենք մեր հայրենիքն ու ազգային կյանքը», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբությունը նաև իր բարձր գնահատանքը հայտնեց Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակի առիթով նամականիշի թողարկման նախաձեռնողներին և հոբելյանական հանդիսության կազմակերպիչներին` աղոթելով, որ Տերը խաղաղ պահի մեր հայրենիքն ու ժողովրդին և օրհնի բոլորի ջանքերը՝ զորացնելու հայրենի երկիրը, ծաղկուն պահելու մշակույթը և իրականություն դարձնելու ազգային զարթոնքի մեր նպատակները:
Երեկույթին համերգային կատարումներով հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան):
Հանդիսության երեք բաժիններում` «Կոմիտաս վարդապետը», «Կոմիտասը և Եվրոպան», «Կոմիտասը և մենք», հնչած ստեղծագործությունների, դրանց ընտրության և Կոմիտաս վարդապետի հանճարի վերաբերյալ համապարփակ բանախոսություն ներկայացրեց արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը:
Մայր Աթոռում կազմակերպված հոբելյանական հանդիսությանը առաջին անգամ կատարվեցին և հայ հանդիսատեսի ուշադրությանը հանձնվեցին Կոմիտաս վարդապետի հեղինակած «Հիշողություն» պիեսը լարային նվագախմբի համար և «Անտառի գիշերը» պիեսը սիմֆոնիկ նվագախմբի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
2032 դիտում
21:10 20-02-2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3115 դիտում
21:12 03-12-2019
Մայր Աթոռի սարկավագաց երգչախումբը կմեկնի համերգային շրջագայության Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակի առիթով
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»