1579 դիտում
19:13 10-12-2019
2020թ. Երևանում կներդրվեն կանաչապատման համակարգային լուծումներ
Բնապահպանության ոլորտում ի՞նչ աշխատանքներ են տարվել այս տարի և ի՞նչ է նախատեսվում 2020թ.-ին: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ավագանու անդամների քննարկմանը ներկայացնելով այս ուղղությամբ քաղաքապետարանի մեկ տարվա աշխատանքը, նշել է, որ գույքագրվել են ոռոգման ցանցերն ու առկա խնդիրները: Այսօր Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները կազմում են 867,5 հա, իսկ մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը՝ 7,8 քմ: Ուսումնասիրվել և մշակվել է ծառերի անձնագրավորման մեթոդիկա, կատարվել են ՇՄԱԳ փորձաքննություններ:
Անդրադառնալով օդի աղտոտվածության խնդրին` նշվել է, որ դրա հիմնական պատճառը քաղաքում ընթացող շինարարական աշխատանքներն ու գործող հանքերն են, որոնք կարող են չեզոքացվել կանաչ տարածքների ավելացմամբ:
«2020թ. կներդրվի կանաչապատման միանգամայն նոր մոտեցում: Նախագծված համալիր լուծումներով ու բնապահպանական ծրագրերով կմեկնարկեն կանաչապատ տարածքների վերականգնման աշխատանքները»,-ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքային իշխանության համար ոլորտի զարգացման ծրագրերում է Փարոսի անտառի վերականգնումը: Նախատեսվում է նաև Սարալանջի 10 հա, Աջափնյակի Սիլիկյան թաղամասի 7.0 հա, Նուբարաշենի խճուղու 8.5 հա, Ջրաշխարհի աջակողմյան լանջի 12 հա տարածքում ստեղծել անտառապաշտպանիչ գոտի: Նախագծերն արդեն պատրաստ են: Կբարեկարգվի և կվերականգնվի նաև Կոմիտասի անվան այգին և Սարյանի անվան պուրակը: Նախատեսվում է վերականգնել նաև Խ. Աբովյանի անվան պուրակը, կանաչապատման նոր լուծում տալ Աշտարակ-Դավթաշեն նոր կառուցված ճանապարհահատվածի հարակից շուրջ 4,5 հա կանաչ տարածքին: Ծիծեռնակաբերդի 8 հա համայնքային հողատարածքում և Արաբկիր զբոսայգում էլ իրականցվել է կոճղաշիվային էտ:
Քաղաքի բնապահպանական խնդիրներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կստեղծվի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:
«ՀՈԱԿ-ի ստեղծումը թույլ կտա կենտրոնացնել կանաչապատման աշխատանքների համար քաղաքապետարանի կողմից տրամադրված գումարները և հստակ տնօրինել դրանք: Իսկ կազմավորված պրոֆեսիոնալ և մասնագիտական թիմը կունենա քաղաքի կանաչապատման, խնամքի և ոռոգման նոր համալիր լուծում, և կատարված աշխատանքները քաղաքի համար կիրականացվեն միասնական մոտեցմամբ:
ՀՈԱԿ-ը կունենա տնկարանային տնտեսություն, անհրաժեշտ տեխնիկատրանսպորտային պարկ, լանդշաֆտային ճարտարապետային մոտեցումներ, ինչպես նաև կիրականացնի շրջակա միջավայրի պահպանության որոշ լուծումներ»,-նշել է քաղաքապետի առաջին տեղակալն ու հավելել, որ համայնքային կառույցը կզբաղվի նաև աղբի տեսակավորման, մասնավորապես թափոնների ընդունման կետերի ստեղծման և սպասարկման խնդրով:
Կանաչապատման ցանկացած ծրագրի հաջողություն կախված է ոռոգումից: Այդ նպատակով քաղաքային իշխանությունը մի քանի նախագծեր ունի. օգտագործել մետրոպոլիտենի գրունտային ջրերը, խորքային հորերն ու չգործող պոմպակայանները: Քաղաքը պետք է ձեռք բերի նաև անհրաժեշտ համապատասխան գույք:
Հանդիպման ընթացքում ավագանու անդամներին է ներկայացվել նաև «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատանքները: 2019-ի ընթացքում 2600 շուն է ստերջացվել, պատվաստվել և վերադարձվել տարածքներ: Կենտրոնի աշխատանքների շնորհիվ որդեգրման է հանձնվել 26 շուն: Նշվել է, որ ավարտական փուլում է կլինիկակացարանային նոր համալիրի շինարարությունը:
Ավագանու անդամները հետաքրքրվել են ծրագրերի մանրամասներով և իրագործելիության հնարավորություններով: Ոլորտի պատասխանատուները նշել են, որ այս տարի աշխատանքն առավել ոչ հանրային է եղել, մշակվել է ռազմավարություն, որի արդյոնքներն ուշացնել չեն տա:
Նմանատիպ նյութեր
1212 դիտում
18:12 29-06-2019
Պաշտպանի զեկույցներում և հաղորդումներում արձանագրված համակարգային խնդիրները լուծումներ կստանան
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան