211652_close_icon
views-count1016 դիտում article-date 16:34 23-12-2019

Ջազ նվագախումբը հանդես է եկել տարեվերջյան տոնական համերգով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի պետական ջազ նվագախումբն Ամանորին ընդառաջ հանդես եկավ տոնական համերգով: Ավանդույթի համաձայն՝ Սուրբծննդյան նախաշեմին՝ դեկտեմբերի 22-ին, նվագախումբն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրեց տոնական ամանորյա ծրագիր: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ հնչեցին սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ՝ Ջազ նվագախմբի և ընկերների կատարմամբ: Արմեն Հյուսնունցի խոսքով՝ ամանորյա այս համերգը տարվա գործունեության յուրատեսակ ամփոփում էր: Ամփոփելով անցնող 2019 թվականը՝ Հյուսնունցն ընդգծեց, որ տարվա ընթացքում իրականացվել են կարևոր նախաձեռնություններ: «Առանձնահատուկ կարևում եմ բազային համերգային դահլիճի գործարկումը, որը գտնվում է Ճարտարապետների միության շենքում: Այնտեղ նվագախումբը պարբերաբար ելույթներ է ունենում: Նաև կարևորում եմ նվագախմբի մարզային և արտերկրի ելույթները, հատկապես՝ համերգը զորամասում»,-խոսելով անցնող տարվա կարևոր ծրագրերի մասին՝ նշեց Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Ի դեպ, տոնական երեկոյին տիրում էր դրական ու ջերմ տրամադրություն: Ներկայացվեց ինքնատիպ ծրագիր, հնչեցին նոր ստեղծագործություններ, որոնք մշակվել են հատուկ ջազ նվագախմբի և հատկապես այս երեկոյի համար: Երեկոյին, բացի նվագախմբից, հանդես եկան դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, ինչպես նաև անակնկալ մենակատարներ, այդ թվում՝ երիտասարդներ, ովքեր այդքան էլ հայտնի չէին լայն հանրությանը: Ամփոփելով տարին՝ Ջազ նվագախումբը թարմ ուժերով պատրաստվում է 2020-ի ծրագրերին, որոնք ևս յուրահատուկ են լինելու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր