59795 դիտում
12:40 26-12-2019
Լարված իրավիճակ Քասախ գյուղում. թիվ 37 երթուղու վարորդներն ասում են. «Մենք չարչարվելով աշխատենք, Գալուստ Սահակյանի տղան իր թափանը լցնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Թիվ 37 երթուղին սպասարկող 20-ից ավելի երթուղային տաքսիների վարորդներ, ի նշան բողոքի, առավոտվանից հրաժարվում են սպասարկել երթուղին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Գործադուլ ենք հայտարարել։ Պատճառն այն է, որ 37 համարի երթուղին սպասարկող ընկերության տնօրենը վարորդներին տոնական օրերի համար տրամադրում է ընդամենը մեկ հանգստյան օր, մինչդեռ այլ համարներ սպասարկող երթուղիների վարորդներն ունեն 7-օրյա արձակուրդ:
Ինչա, մեր ճակատին գրածա, որ պետք է մեր սեփական ավտոմեքենաներով աշխատենք ու Գալուստ Սահակյանի տղայի՝ Արման Սահակյանի թափանը լցնե՞նք: Աում են՝ իրավիճակ է փոխվել, բա խի՞ էդ փոփոխությունը մենք մեր մաշկի վրա չենք զգում: Էլ չենք ասում, որ տարրական պայմաններ չկան: Դիսպետչերական կետը հիշեցնում է քարե դարի մի տարածք, անգամ սանհանգույց չկա: Վարորդներով մեր բնական կարիքները հոգում ենք՝ ով որտեղ պատահի:
Երբ է այս անարխիան վերանալու: Տարիներ շարունակ գծատերերը ամեն անգամ խոստանում են, որ խնդիրը կկարգավորվի, բայց ոչ մի դրական փոփոխություն չենք զգացել: Հիմա էլ չգիտես որ մի գիտունիկի մտքով է անցել մեր հանգստյան օրերը սարքի մի օր: Լրիվ բեսպրեդել է էս գծում տիրում:
Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցներն էլ կարծես թե բերանները ջուր առած ոչ մի ձեն չեն հանում: Մենք հասկանում ենք, որ բնակիչները կհասկանան մեզ: Ուզում ենք, որպեսզի վերջնականապես խնդիրը լուծվի, հակառակ դեպքում՝ անգամ պատրաստ ենք մեր ավտոմեքենաները դուրս բերել էս գծից»:
Այս պահին վարորդների հետ բանակցում է դիսպետչերը, ով նրանց հայտնեց, որ գծի տեր Վազգենը ընդառաջել է վարորդներին, սակայն նրանք հայտնեցին. «Ըտենց խոստումներ շատ ենք լսել, թող Վազգենն անձամբ գա էստեղ ու ինքը պատասխանի մեզ հուզող և մեր կողմից բարձրաձայնվող հարցերին»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+