88978 դիտում
22:32 11-01-2020
Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորի «Հայքի» հրապարակում Վանաձորի բանտի աշխատակիցն ու նրա ուսուցիչ եղբայրը փորձել են ոստիկանից խլել «Մակարով» ատրճանակը. հնչել են կրակոցներ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 10-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում:
Ժամը 01:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի «Հայքի» հրապարակում ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնի ծառայողները՝ Մարատ Սահակյանն ու Գարիկ Հակոբյանը, նկատել են, որ մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը և գետնին ընկած մի քաղաքացու ծեծում են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մոտենում են նրանց և պահանջում դադարեցնել խուլիգանական գործողությունները, սակայն «առյուծ կտրածները» հայհոյելով հարձակվում են ոստիկանության ծառայողների վրա՝ չենթարկվելով նրանց օրինական պահանջներին և ցուցաբերում են դիմադրություն:
Այդ անձանց խուլիգանական գործողությունները դադարեցնելու և մոտակայքում ծառայություն կատարող ոստիկանության իրենց գործընկերներին օգնություն կանչելու նպատակով Մ. Սահակյանը իրեն ամրակցված ծառայողական հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակից երեք անգամ օդ է կրակել: Սակայն դա նույնպես չի զգաստացրել «առյուծ կտրածներին» և նրանք փորձել են Մ. Սահակյանից խլել զենքը:
Օպերատիվորեն ժամանած նրանց գործընկերներն ու ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրից ոստիկանության Տարոնի բաժին են բերման ենթարկում Վանաձոր քաղաքի բնակիչներ, 32-ամյա Մհեր Պողոսյանին, 32-ամյա Գուրգեն Պողոսյանին և 28-ամյա Վաչե Ալեքսանյանին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը հայտնաբերել է կրակված 3 պարկուճ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Գ. և Մ. Պողոսյանները հարազատ եղբայրներ են: Գ. Պողոսյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ ժողովրդին հայտնի Վանաձորի բանտում, Մ. Պողոսյանն էլ աշխատում է Վանաձոր քաղաքի թիվ 18 դպրոցում՝ որպես ուսուցիչ:
Վերջիններս ոստիկանությունում հայտնել են, որ իրենք պարզապես ինքնապաշտպանվել են, և ոստիկանության ծառայողն առանց պատճառի է կրակոցներ արձակել և նա հենց ինքն է հրահրել այդ ամենը, ու հիմա ոստիկանությունում փորձում են իրենց գործընկերոջ ապօրինի գործողությունները կոծկել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: