59765 դիտում
22:51 15-01-2020
Կրակոց Արմավիրի մարզում. Մեծամորում գործող «Լիդեր» մարզասրահի դիմաց հնչել են կրակոցներ. դեպքի վայր է ժամանել մարզի ոստիկանապետը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 15-ին, կրակոց է հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է հնչել, որ Մեծամոր քաղաքում գտնվող «Լիդեր» մարզասրահի դիմաց կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Միքայելյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այդ ժամին Priora մակնիշի դեռևս չպարզված համարանիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը դուրս գալիով, իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Կարեն Քերոբյանին պատկանող «Լիդեր» մարզասրահի մուտքի աստիճաններին, որից հետո նրան է մոտեցել այդ ժամանակ մարզասրահից քիչ հեռու գտնվող Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ՌՊՋ դասակի հրամանատարի տեղակալ՝ 47-ամյա Սահակ Ջիլավյանը, դիտողություն արել կրակոցներ արձակած անձին և փորձել է նրան վնասազերծել, սակայն այդ անձը գլխով հարվածել է Ս. Ջիլավյանի դեմքին, ապա Priora մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 7.62 տրամաչափի ատրճանակից կրակված պարկուճ։
Փաստի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, ինչպես նաև նրան, ատրճանակը և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: