2526 դիտում
19:48 17-01-2020
Մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են գարնան նախապատրաստական գյուղատնտեսական աշխատանքները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հունվարի 17-ին hանդիպում է ունեցել մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերի հետ` մարզերում գարնան նախապատրաստական գյուղատնտեսական աշխատանքները, պետական օժանդակության գործող ծրագրերը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:
Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է եղել հանրապետությունում գարնանացանի աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: Մարզպետարաններին առաջարկվել է սեղմ ժամկետներում ներկայացնել տեղեկատվություն գարնանացան հացահատիկային մշակաբույսերի սերմերի պահանջարկի վերաբերյալ:
Քննարկվել են նաև տեղական սերմնաբուծության զարգացմանը վերաբերող հարցեր, ներկայացվել առաջարկներ տեղական սերմնաբուծության զարգացման ծրագրի վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպել և առարկայական քննարկել այս ոլորտի զարգացման հնարավոր ուղղությունները:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև անասնապահության ոլորտին առնչվող հարցերին, այդ թվում՝ պետական պատվերի շրջանակներում իրականացվող անասնաբուժական ծառայությունների կազմակերպմանը: Ներկայացվել են անասնապահության ոլորտում նախատեսվող համալիր ծրագրերը, ինչպես նաև կենդանիների համարակալման ծրագրի համառոտ նկարագիրը, որի հիմնական նպատակն է հաշվառել հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը, ինչն իր հերթին կնպաստի ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության և հետագծելիության ապահովմանը:
Մարզերի գյուղոլորտի պատասխանատուների կողմից բարձրացվել են ներկայումս մեկնարկած համապետական պարտադիր սպանդանոցային մորթի անցնցում կազմակերպման հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ տրվել են սպառիչ պատասխաններ:
Քննարկվել են նաև գյուղատնտեսական արտադրանքի իրացմանը առնչվող հարցեր: Այս համատեքստում փոխնախարարը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական մթերքների իրացման համակարգի բարելավմանը մեծապես կնպաստի առաջիկայում նախատեսվող լոգիստիկ կենտրոնների ստեղծումը:
Մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուները մի շարք առաջարկներ են ներկայացրել գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ: Միաժամանակ ընդգծվել է համայնքներում այդ ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը:
Նմանատիպ նյութեր
676 դիտում
22:36 31-03-2020
Առցանց խորհրդակցություն է անցկացվել մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուների հետ
Այս բաժնից
694 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»