211652_close_icon
views-count679 դիտում article-date 22:36 31-03-2020

Առցանց խորհրդակցություն է անցկացվել մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը մարտի 31-ին կազմակերպել են առցանց խորհրդակցություն մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերի հետ: Հանդիպմանը մասնակցել են Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը և Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը: Առցանց հանդիպման հիմնական նպատակն էր ՀՀ վարչապետի հանձնարարականով տեղեկացնել ոլորտի մարզային պատասխանատուներին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերում իրականացված փոփոխությունների և լրամշակումների վերաբերյալ: Օրակարգում ընդգրկված էին նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Տիգրան Գաբրիելյանն ընդգծել է, որ, նկատի ունենալով գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջանը` հարկավոր է սեղմ ժամկետներում բոլոր մարզերի ֆերմերներին իրազեկել ծրագրերում կատարված փոփոխությունների մասին, որպեսզի նրանք կարողանան օգտվել ծրագրերի նոր պայմաններից` իրենց աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Փոխնախարարը նշել է, որ իրազեկման աշխատանքներում ներգրավված կլինեն նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մարզային բաժինների աշխատակիցները: Այնուհետև փոխնախարարները համառոտ անդրադարձել են լրամշակված ծրագրերին, շեշտել, որ հիմնական փոփոխությունը վերաբերում է մի շարք ծրագրերում սահմանված 0 տոկոս տոկոսադրույքին, իսկ ծրագրերի հիմնական մյուս պայմանները, մասնակից ֆինանսական կառույցների և կապալառուների ցանկը մնացել են անփոփոխ: Տեղեկացվել է նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով տրամադրվող միկրովարկերի մասին. տրամադրվող վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ, տոկոսադրույքը` 0%, մարման ժամկետը՝ մինչև 2 տարի, վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 9 ամիս: Առանձնահատուկ ընդգծվել է, որ տրամադրվող վարկերի նպատակային օգտագործումը ենթարկվելու է վերահսկման: Փոխնախարար Արման Խոջոյանը հայտնել է, որ իրազեկման նպատակով առաջիկայում կպատրաստվի տեղեկատվական գրքույկ, որում ընդգրկված կլինեն գյուղտնտեսության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերին մասնակցության պայմաններն ու քայլերի հաջորդականությունը: Գրքույկը հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով: Հանդիպման ընթացքում Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը նշել է, որ, արտակարգ իրավիճակով պայմանավորված, մարզային բաժինների բոլոր աշխատակիցներն իրազեկվում են ծրագրերում կատարված փոփոխությունների վերաբերյալ, որպեսզի նրանք իրենց հերթին կարողանան հավուր պատշաճի համապատասխան տեղեկատվություն տրամադրել գյուղացիական տնտեսություններին: Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բոլոր պետական օժանդակության ծրագրերին կարելի է ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի «Ծրագրեր» ենթաբաժնում՝ https://mineconomy.am/page/1338 հղումով: Ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում և ֆեյսբուքյան էջում հրապարակվում և գովազդվում են ծրագրերի վերաբերյալ իրազեկման հոլովակները:

Նմանատիպ նյութեր