211652_close_icon
views-count1778 դիտում article-date 21:15 21-01-2020

Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 21-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությումբ և կարևորել ԱԶԲ հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին փոխվարչապետին է ներկայացրել ԱԶԲ կողմից հաստատած Երկրի գործընկերության 2019-2023 թթ. ռազմավարությունը և Գործառնությունների 2020-2022թթ ծրագիրը: Երկրի գործընկերության 2019-2023 թթ. ռազմավարությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի ներառական աճին ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի միջոցով։ Այս համատեքստում, Տիգրան Ավինյանը մատնանշել է մասնավոր հատվածին ԱԶԲ կողմից աջակցության ծավալների ավելացման կարևորությունը: Զրուցակիցները քննարկել են նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման ընթացքը և առկա հարցերը: Անդրադարձ է կատարվել Երևանի և մարզային քաղաքների կայուն զարգացման, էներգետիկ ոլորտի, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաև մասնավոր հատվածում իրագործվող և նախանշվող ծրագրերին։ Քննարկվել է նաև Հայաստանի տրանսպորտի ռազմավարության մշակման և քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացմանը տրամադրվող տեխնիկական աջակցությունը։

Նմանատիպ նյութեր