211652_close_icon
views-count5198 դիտում article-date 13:11 23-01-2020

ԱԺ-ն ընդունել է կերակրողին կորցնելու նպաստ ստացող ուսանողների տարիքային շեմը 26 դարձնելու օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «[url=https://armenpress.am/arm/news/1002330.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի ու Նարեկ Զեյնալյանի հեղինակած նախագիծն ընդունվեց 110 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայնով: Կոնջորյանը, մասնավորապես, նշել էր, որ կերակրողին կորցրած ուսանողները, որոնք սովորում են առկա ուսուցմամբ բուհերում, գործող օրենսդրությամբ կարող են ստանալ կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակ և կերակրողին կորցնելու նպաստ, և այդ իրավունքը կարող են պահպանել մինչև 23 տարեկանը: Այս դրույթը հաստատվել է՝ ելնելով նախկինում գործող 10-ամյա միջնակարգ կրթության և մեկաստիճան բարձրագույն կրթության համակարգից: 2004 թ. ՀՀ-ում անցում է կատարվել երկաստիճան բարձրագույն կրթության համակարգի, իսկ 2009 թ. անցում է կատարվել 12-ամյա միջնակարգ կրթության, որի արդյունքում նշված իրավունքից օգտվող ուսանողները ոչ թե 23 տարեկանում են ավարտում բուհը, այլ ավելի ուշ: Նախագծի նպատակն է շտկել օրենսդրության մեջ գոյացած այն բացը, որի արդյունքում երեխաների մի մասը զրկվել է օրենսդրությամբ օժտված իրավունքից, և տարիքային շեմը 23-ից բարձրացնել 26-ը:

Նմանատիպ նյութեր