2034 դիտում
13:49 31-01-2020
Արտակ Բեգլարյանը Քարվաճառում Ալեքսանդր Քանանյանի և դպրոցականների հետ քննարկել է իրենց հուզող հարցերը
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունվարի 30-ին այցելել է Քարվաճառ՝ հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանի և տեղի դպրոցականների հետ քննարկելու իրենց հուզող հարցերը:
Պաշտպանը երեխաների հետ հանդիպմանը լսել է նրանց մտահոգությունները և առաջարկները շրջանի բնապահպանական և մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերյալ: Անմիջական ու փոխհարգանքի մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ա.Բեգլարյանը կարևորել է աշակերտների քաղաքացիական ակտիվ կեցվածքը՝ հորդորելով շարունակաբար նախաձեռնող լինել համայնքի ու հայրենիքի խնդիրների լուծման հարցում: Նա շեշտադրել է, որ հասարակությունն ու պետությունը պետք է այնքան ներառական լինեն, որ հնարավոր դառնա նաև երեխաների գործուն մասնակցությունը, իրենց տարիքին ու հասունության մակարդակին համապատասխան, հանրային խնդիրների քննարկման ու կարգավորման գործընթացներում:
Անդրադառնալով հայտարարված դասադուլին՝ Պաշտպանն ընդգծել է, որ նախընտրելի չէ հատկապես երեխաների կողմից իրենց մեկ իրավունքի հաշվին մյուս իրավունքի իրացման համար պայքարելը, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է կրթության իրավունքի սահմանափակմանը: Քննարկելով համայնքային հիմնախնդիրների վերհանման ու լուծման գործում երեխաների ակտիվ մասնակցության հնարավոր մեխանիզմներն ու ձևաչափերը՝ Ա.Բեգլարյանը որոշ խորհուրդներ է տվել աշակերտներին այդ ուղղությամբ՝ կոչ անելով հրաժարվել դասադուլի մեթոդից և քաղաքացիական ակտիվությունը դրսևորել արտադպրոցական գործողություններով ու երկարաժամկետ պատասխանատվությամբ: Պաշտպանը խոստացել է աջակցել աշակերտներին հասարակական գործունեության ծավալման հարցում՝ համոզմունք հայտնելով, որ նրանց դրական մեծ էներգիան կապահովի նույնքան դրական ու շոշափելի ծրագրերի իրականացում իրենց համայնքի համար:
Դպրոցականները վերջում խոստացել են հետևել Պաշտպանի հորդորին և վերահաստատել են իրենց որոշումը առայժմ չդիմելու դասադուլի՝ միաժամանակ ընդգծելով, որ ակտիվորեն հետևելու են շրջանի բնակչությանը հուզող բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործընթացին:
Մարդու իրավունքների պաշտպանն այնուհետև հանդիպում է ունեցել Ալեքսանդր Քանանյանի հետ, հետաքրքրվել նրա առողջական վիճակով և քննարկել կառավարության հետ երկխոսության ընթացքը, արդյունքներն ու դժվարությունները: Ա.Բեգլարյանը գոհունակություն է հայտնել, որ շարունակվում է կառուցողական երկխոսությունը, որը հույս է ներշնչում առաջիկա օրերին իրավիճակի հանգուցալուծման և հացադուլի դադարեցման համար: Նա շեշտադրել է, որ այս փուլում ամենակարևոր խնդիրը Ա.Քանանյանի առողջության պահպանումն է, և առողջապահության նախարարությունը հավաստիացրել է, որ մշտական ուշադրության ներքո է պահվում այդ հարցը:
Պաշտպանը հանդիպումներ է ունեցել նաև Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի և Քարվաճառի դպրոցի ուսուցչական կազմի հետ, քննարկել ներկա իրավիճակը և դրա հանգուցալուծման վերաբերյալ նրանց մոտեցումները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1249 դիտում
23:48 22-12-2024
Մոլդովան հունվարից դոլարի փոխարեն եվրո կօգտագործի
1162 դիտում
23:04 22-12-2024
Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն է սպասում
1666 դիտում
21:07 22-12-2024
Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել. Հայաստանը կարևոր ջրբաժանում է. Վարդան Օսկանյան