211652_close_icon
views-count3910 դիտում article-date 23:34 03-02-2020

Սիրիայում ահաբեկիչները կրակ են բացել լրագրողների վրա․ 3 իրանցի վիրավորվել է

Սիրիայի Հալեպ քաղաքում զինված հարձակման հետևանքով վիրավորվել են իրանական հեռուստաընկերության երեք աշխատակիցներ։ Ինչպես փետրվարի 2-ին տեղեկացրել է սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը՝ լրագրող Դիաա Կադդուրը և օպերատորներ Իբրահիմ Կախիլն ու Սուխայբ ալ-Մասրին վիրավորվել են ահաբեկիչների նպատակադրված հարձակման հետևանքով, գրում է [url=http://regionmonitor.com/4603/]RM[/url]-ը։ Իսկ «Al Alam» հեռուստաընկերությունը, որի հետ համագործակցում են Կադդուլն ու Կախիլը, հաղորդել է, որ զինյալների խմբերը հարձակվել են երեք մեքենաների վրա, որոնցում գտնվել են չորս լրատվամիջոցների աշխատակիցներ։ Մեքենաները շարժվելիս են եղել Խան –Տուման գյուղի ուղղությամբ, որը գտնվում է Հալեպից շուրջ 15 կմ դեպի հարավ –արևմուտք։ Նշենք, որ Սիրիայի խոշորագույն քաղաքներից մեկը հանդիսացող Հալեպի մեծ մասն այս պահին գտնվում է նախագահ Բաշար ալ Ասադի ղեկավարած ուժերի վերահսկողության ներքո։ Բայց քաղաքի հյուսիս–արևմտյան արվարձաններում մասամբ իշխում են կառավարության դեմ մարտնչող զինված խմբավորումները։ Հիշեցնենք, որ պատերազմը Սիրիայում սկիզբ է առել 2011 թվականից։ Կառավարական ուժերի, ընդդիմադիրների, ռադիկալ իսլամիստների, քրդերի ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև պայքարին 2014թ․ սեպտեմբերին միացել է ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան՝ ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով։ 2015թ․ սիրիական հակամարտությանը միջամտեց Ռուսաստանը, իսկ 2016թ․-ին՝ Թուրքիան։

Նմանատիպ նյութեր