211652_close_icon
views-count2561 դիտում article-date 21:32 05-02-2020

Իշխանության կողմից նախաձեռնվել է երկրում սահմանադրականությունը ոչնչացնող գործընթաց, այս անհավասարակշիռ վարքը քրեորեն պատժելի է. ՀՅԴ ԳՄ-ն՝ Սահմանադրության փոփոխման նախագծի մասին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել դատական իշխանության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Անհերքելի փաստ է, որ Հայաստանի զարգացումը պայմանավորված է ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական և իրավական պետության գոյությամբ: Ցանկացած քաղաքական իշխանության կողմից այս կարգավիճակին հակառակ գործելը հանգեցնում է հանրապետության գոյության դադարմանը: Վերջին շրջանում օրվա քաղաքական իշխանությունը ձեռնամուխ է եղել պետական իշխանության ինքնուրույն ճյուղ հանդիսացող դատական իշխանության յուրացմանը: Չբավարարվելով հակաօրինական բազմաթիվ նախաձեռնություններով, անտեսելով հայաստանյան և միջազգային հանրության կողմից արված զգուշացումները, արհամարհելով Հայաստանի միջազգային վարկը՝ օրվա քաղաքական իշխանության կողմից նախաձեռնվել է երկրում սահմանադրականությունը ոչնչացնող գործընթաց: Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության պատգամավորների կողմից շրջանառության մեջ են դրվել օրինագծեր, որոնցով փորձ է արվում ոչ միայն յուրացնել Սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազորությունները, այլ նաև տապալել երկրի սահմանադրական կարգը: Այս անպատասխանատու և անհաշվենկատ ընթացքը սպառնում է հայոց պետականությանը: Լրջանալու, սթափվելու և իրավունքի գերակայության համաժողովրդական ցանկություններն իրականացնելու փոխարեն օրվա քաղաքական իշխանությունը ցուցաբերում է անհավասարակշիռ վարքագիծ, որն օժտված է առանձապես ծանր հանցագործության հատկանիշներով և քրեորեն պատժելի է: Պահանջում ենք քաղաքական իշխանությունից և նրա ղեկավար, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանից` վերջ տալ քաղաքական իշխանության հակաօրինական գործողություններին՝ մնալով գործադիր իշխանության լիազորությունների շրջանակում, զերծ պահել օրենսդիր իշխանության քաղաքական մեծամասնությանը լիազորությունների չարաշահումից, ջանքեր գործադրել՝ լուծելու երկրի առջև օրեցօր ահագնացող մարտահրավերները: Կոչ ենք անում Հանրապետության նախագահին՝ չսատարել այս հակաօրինական նախաձեռնություններին և հետևել իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի պահպանմանը: Դիմում ենք ողջախոհ հանրությանն ու քաղաքական ուժերին՝ համախմբվել երկիրն այս կործանարար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջը»:

Նմանատիպ նյութեր