211652_close_icon
views-count4643 դիտում article-date 20:39 10-02-2020

Նախագահ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին: Թագավոր Աբդալլահ Երկրորդի գլխավորած պատվիրակության կազմում են նրա եղբայր, Նորին Արքայական Մեծություն արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը, թագավորի կրոնական ու մշակութային հարցերով խորհրդական և անձնական պատվիրակ Նորին Արքայական Մեծություն արքայազն Ղազի բին Մոհամմեդը, Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով նախարար Այման Սաֆադին, թագավորի հաղորդակցության և համակարգման հարցերով խորհրդական Բիշեր Ալ Խասավնեհը, արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համմուրին: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Աբդալլահ Երկրորդ թագավորն իսլամական աշխարհում մեծ հեղինակություն վայելող գործիչ է, Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Աբդալլահ Երկրորդը Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալն է: Նախագահ Արմեն Սարգսյանը և Հորդանանի թագավորը հանդիպել էին 2019թ. ապրիլին Հայաստանի նախագահի՝ Հորդանան աշխատանքային այցի ժամանակ, որի ընթացքում էլ Հայաստանի նախագահը հրավիրել էր Հորդանանի թագավորին այցելել Հայաստան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր