66158 դիտում
21:07 10-02-2020
Խոշոր չափի կողոպուտ Արագածոտնի մարզում. թալանել են «Աշտարակ» սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետը՝ հափշտակելով չհրկիզվող պահարանը, որում եղել է մոտ 20 մլն դրամ գումար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Խլղաթյանի որոշմամբ կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ փետրվարի 9-ին, Աշտարակ քաղաքում տեղի ունեցած կողոպուտի փաստով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 10:00-ին ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ, 57-ամյա Սամվել Ա.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 33/2 հասցեում գտնվող «Աշտարակ» սուպերմարկետի դռան ապակին կոտրել են, մտել ներս, այնուհետև տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են տարադրամի փոխանակման կետի մուտքի դուռը և այնտեղից հափշտակել մետաղե չհրկիզվող պահարանը, որտեղ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ եղել է մոտ 20 մլն դրամ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ ամենը տեսել է մի քաղաքացի, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում, ով դիտողություն է արել, որից հետո էլ գողը կամ գողերը հարվածել են այդ քաղաքացուն և դիմել փախուստի:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վահան Աղգաշյանի և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: