2323 դիտում
20:02 11-02-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պետք է մերժի փոքր ՀԷԿ-երի կառուցման համար «Լոռվա Ամրոց» ընկերության ջրօգտագործման թույլտվության հայտը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պետք է մերժի Ձորագետ գետի վրա «Լոռիբերդ 1» և «Լոռիբերդ 2» փոքր ՀԷԿ-երի կառուցման համար «Լոռվա Ամրոց» ընկերության ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) հայտը: Չնայած այս օբյեկտները անվանվում են փոքր ՀԷԿ, փաստացիորեն հիդրոկասկադ են նախագծային 38,63 ՄՎտ հզորությամբ, ինչը գերազանցում է արդեն իսկ փոքր ՀԷԿ-երի հզորության առավելագույն շեմը՝ 30ՄՎտ-ն:
Հիշեցնենք, որ 2011թ-ին ՀՀ կառավարությունը փոքր ՀԷԿ-երի համար սահմանել է հզորության վերին շեմ 30 ՄՎտ աշխարհում ընդունված 10 ՄՎտ վերին շեմի փոխարեն՝ հաշվի առնելով «ՁորաՀԷԿ» ՀԷԿ-ի սեփականատերերի շահերը: «ՁորաՀԷԿ» ՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 1927թ-ին և սեփականաշնորհվել է ՀՀ նախկին նախագահ Սարգսյան ընտանիքի կողմից:
Այս որոշման շնորհիվ առանց ոչ մի լրացուցիչ ծախսի սեփականատերերը ստացան լրացուցիչ եկամուտ միայն փոքր ՀԷԿ-երի և միջին ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի սակագների տարբերությունից: Այժմ այս արատավոր որոշումը, որը վաղուց պետք է չեղյալ համարվեր, փորձում են օգտագործել այլ էներգաբիզնեսմեններ:
ԷկոԼուրը մասնակցել է «Լոռիբերդ 1» և «Լոռիբերդ 2» փոքր ՀԷԿ-երի համար ջրային թույլտվությունների տրամադրման քննարկմանը և իր բացասական կարծիքն է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը:
Կարծիքում նշված է. «ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պետք է մերժի «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ին «Լոռիբերդ-1» և «Լոռիբերդ-2» ՓՀԷԿ-երի կառուցման ՋԹ տրամադրելու գործում հետևյալ հիմնավորումներով.
1. Ձորագետի վրա արդեն իսկ կառուցված է 4 փոքր ՀԷԿ՝ «Կաթնառատ», «Ձորագետ 5», «Ձորագետ 6», «ՁորաՀԷԿ»՝ 10110մ դերիվացիայի գումարային երկարությամբ: ՀՀ բնապահպանության նախարարությունը 2016թ-ին դրական եզրակացություն է տվել Ձորագետի վրա «Ձորագետ 4» ՓՀԷԿ-ի կառուցման հայտին: Իր հերթին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Ձորագետ 4» ՓՀԷԿ-ին տվել է էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա, և ՓՀԷԿ-ը գտնվում է կառուցման փուլում https://energyagency.am/uploads/page/pdfs/shpp%20in%20construction.pdf: Այս ՓՀԷԿ-ի ՇՄԱԳ-ի համաձայն՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը 3870 մ է, տրամագիծը՝ 1220 մմ: Գործող 4 և կառուցման փուլում գտնվող «Ձորագետ 4»-ը խողովակաշարի մեջ են վերցնում Ձորագետ գետի 13980 մ հատված կամ գետի 20.86 %-ը: Նոր փոքր ՀԷԿ-երից «Լոռիբերդ 1»-ի դերիվացիոն խողովակաշարի երկարությունը լինելու է 9100մ, տրամագիծը՝ 3000մմ, «Լոռիբերդ-2»-ինը՝ 10500մ, տրամագիծը՝ 2800 մմ: Այս ՓՀԷԿ-երի կառուցման դեպքում խողովակաշարի մեջ կվերցվի Ձորագետի 33,580 մ հատված, կամ գետի 50.11%-ը: ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածով նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են այն գետերի վրա, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է: Տվյալ դեպքում «Լոռաբերդ 1» և «Լոռաբերդ 2» ՓՀԷԿ-երի կառուցումը կգերազանցի ՀՀ ջրային օրենսգրքով սահմանված գետի 40% ծանրաբեռնվածության շեմը: Նշենք, որ այս հաշվարկը վերաբերում է բացառապես Ձորագետի վրա կառուցված ՓՀԷԿ-երով ծանրաբեռնվածությանը և ոչ այլ ջրօգտագործողներին, որոնք իրենց հերթին ծանրաբեռնում են գետը, և դա ևս պետք է հաշվի առնել:
2. Ձորագետ գետը դասվել է ձկնատնտեսական ջրային օբյեկտների շարքին՝ համաձայն 1991թ. դեկտեմբերի 19-ին ընդունված ՀՀ նախարարների խորհրդի «Հայաստանի Հանրապետության որոշ ջրային օբյեկտներ ձկնատնտեսական ջրավազանների կարգին դասելու մասին» թիվ 687 որոշման հավելվածի: Սակայն Ձորագետի վրա գործող փոքր ՀԷԿ-երը խիստ բացասական ազդեցություն են ունեցել գետի ձկնաշխարհի վրա: «ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ԱՎԱԶԱՆԻ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՁԿՆՈՒՂԻՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՁԿՆԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» գիտական աշխատության համաձայն (http://biology.asj-oa.am/11281/1/69.pdf), ինչպես նաև ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ իրականացված «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի արդյունքների (https://ecolur.org/files/uploads/pdf/dzernarkhayeren.pdf) համաձայն. «Ձորագետի վրա կառուցված հիդրոէներգետիկ եւ հիդրոտեխնիկական կառույցները խոչընդոտում են ձկների միգրացիային: Արդյունքում Դեբեդում բնակվող ձկնատեսակները (կարմրախայտը Salmo trutta fario, արևելյան տառեխիկը Alburnoides eichwaldii, Կուրի բեղաձուկը Barbus cyri, Սևանի կողակը Capoeta sevangi, Կուրի կողակը Capoeta capoeta capoeta, Կուրի սպիտակաձուկը Alburnus filippii, մուրծին Luciobarbus mursa, քառթակը Gobiosp., Կուրի լերկաձուկը Oxynoemacheilus brandtii, արծաթաձկնիկը Leucaspius delineatus, բրամը Abramis brama, արծաթափայլ կարասը Carassius gibelio, ծիածանախայտը Parasalmo mykiss, կարպը Cyprinus carpio) որոնց մեծ մասին բնորոշ են սեզոնային միգրացիաները հատկապես բազմացման շրջանում, հնարավորություն չունեն բարձրանալ Ձորագետի հոսանքն ի վեր՝ այստեղ բնակվելու և բազմանալու համար»: Ձորագետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի ձկնանցարանները չեն վերակառուցվել՝ ՀՀ քաղաքաշինության ոլորտի լիազոր մարմնի մշակած նոր շինարարական նորմերին և կանոններին համապատասխան, քանի որ այդ նոր չափորոշիչները Հայաստանում մշակված չեն: Նոր ՓՀԷԿ-երի ձկնանցարանները ևս կառուցվելու են հին շինարարական նորմերով և, ըստ էության, ֆունկցիոնալ նշանակություն չեն ունենալու: Այսպիսով, Ձորագետը կորցրել է տնտեսական արժեք ունեցող ձկնատեսակներ, և կարող է իսպառ կորցնել ձկնաշխարհը նոր ՓՀԷԿ-երի կառուցման արդյունքում: ՀՀ ջրային օրենսգրքի 31-րդ հոդվածը սահմանում է, որ, ջրօգտագործման թույլտվություն տալու որոշումը կայացնելիս, Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը պետք է հաշվի առնի սոցիալ-տնտեսական և շրջակա միջավայրի վրա ազդեցությունները: ՓՀԷԿ-երի կառուցմամբ կխախտվի Ձորագետի էկոլոգիական հավասարակշռությունը, քանի որ գետի 50.11%-ը կհայտնվի խողովակի մեջ:
3. «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տվյալները վկայում են, որ «Լոռիբերդ 1» և «Լոռիբերդ 2» փոքր ՀԷԿ-երը իրականում ներկայացնում են մեկ համակարգ ընդհանուր 38.63 Մվտ հզորությամբ: Այս հզորությունը գերազանցում է փոքր ՀԷԿ-երի առավելագույն հզորության շեմը: Նշենք, որ արդեն իսկ փոքր ՀԷԿ-երի համար ՀՀ կառավարության 2011թ. սեպտեմբեր 8-ի «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» 1300–Ա որոշմամբ սահմանված 30 ՄՎտ հզորության շեմը «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության եւ ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի փորձագիտական խմբի կողմից գնահատվել է չհիմնավորված բարձր, կոռուպցիոն ռիսկեր կրող, քանի որ կա էական տարբերություն փոքր և միջին ՀԷԿ-երի սակագների մեջ: «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ՓՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան գնում է 24.276 դրամ/կՎտxժ` առանց ԱԱՀ, ինչը կրկնակի բարձր է միջին և մեծ ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի սակագներից:
4. 2016թ-ին ընդունված «Հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգով նախատեսված է 66 ՄՎտ հզորությամբ «Լոռիբերդ» ՀԷԿ-ի կառուցումը Ձորագետի վրա: «Լոռիբերդ 1» և «Լոռիբերդ 2» ՓՀԷԿ-երի համակարգի կառուցմամբ նվազեցվում է «Լոռիբերդ» ՀԷԿ-ի հզորության շեմը 66-ից 38.63 ՄՎտ-ի: Գնահատված չէ էներգետիկ համակարգում ցածր հզորությամբ ՀԷԿ-ի համակարգի կառուցման տնտեսական օգուտը»:
11.02.2020թ.
Նմանատիպ նյութեր
1697 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»