211652_close_icon
views-count2780 դիտում article-date 16:42 15-02-2020

Նախագահ Արմեն Սարգսյանը որպես բանախոս հանդես է եկել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշխատանքային այցով​ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող'​ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել​ Մյունխենի անվտանգության համաժողովի​ շրջանակում անցկացվող քննարկումների շարքում։ Քննարկումների շարքում իրենց դասախոսություններն են ներկայացրել ​ համաշխարհային մեծ համբավ վայելող ​ հայտնի գործիչներ, որոնց թվում՝ ամերիկացի ականավոր քաղաքագետ, Հարվարդի​ համալսարանի​ Քենեդու​ անվան​ Պետական​ կառավարման​ դպրոցի​ հանրային​ քաղաքականության​ կենտրոնի​ պրոֆեսոր​ Ժոզեֆ​ ​ Նայը (որը​ շրջանառել է​ «փափուկ​ ուժ»​ եզրույթը և տեսությունը),​ ամերիկացի​ հանրահայտ​ քաղաքագետ,​ փիլիսոփա​ և​ գրող Ֆրենսիս​ Ֆուկույաման, հայտնի քաղաքագետ,​ Հարվարդի​ համալսարանի​ Քենեդու​ անվան​ Պետական​կառավարման​ դպրոցի​ պրոֆեսոր​ Գրահամ Ալիսոնը և այլք: ​ Որպես հիմնական բանախոս մասնակցելով քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկմանը՝ ​ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է իր քվանտային տեսության, աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին: ​ Քննարկմանը ներկա են եղել ​ Ժոզեֆ Նայը, Լեհաստանի նախկին արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, Գերմանիայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, բազմաթիվ հայտնի վերլուծական կենտրոնների ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, հեղինակավոր վերլուծաբաններ ու փորձագետներ: «Աշխարհը փոխվել ​ և փոխվում է շատ արագ: Որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում, հասկանանք անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները, պետք է գնալ խորքերը, գտնել պատճառները, որովհետև ​այն ամենն, ինչ այսօր մենք տեսնում ենք հետևանքներ են,-ասել է Հայաստանի նախագահը։- Մենք բոլորս արդեն իսկ ապրում ենք ամբողջությամբ ուրիշ աշխարհում։ Հնարավոր է՝ մենք դա չենք նկատում, հնարավոր է՝ մենք դրա մասին չենք խոսում, քանի որ դեռ դասական ձևով ենք մտածում։ Մենք մտածում ենք մեծ պատմության, մեծ իրերի մասին, որոնք դեռևս դասական են, բայց եթե դուք ավելի մանրամասն եք դիտարկում փոքր մասնիկները, այս դեպքում, օրինակ՝​ հանրությունը, իրերը կտրուկ փոխվում են։ Սա այն է, ինչ ես կանվանեի քվանտային քաղաքականություն։ Գաղափարը կարող եք փոխաբերական իմաստով ընկալել։ Դասական հաստատություններն ավելի և ավելի քիչ կարևոր և օգտակար են դառնում։ Քվանտային, նոր տեխնոլոգիաները մեր կյանքի վրա մեծ ազդեցություն են ունենում։ Ավելին՝ դրանք փոխում են ոչ միայն մեր կենսակերպը, այլ նաև՝ մեր հասարակությունների կերտվածքը։ Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք մեր առջև ծառացած խնդիրներին ոչ ստանդարտ լուծումներ գտնել։ Քվանտային մեխանիկայից եկած նորարարությունների շնորհիվ մենք սկսեցինք ապրել բոլորովին ուրիշ կյանքով։ Սկսեցինք թռչել Լուսին, ստեղծեցինք միջուկային կայաններ, արտադրեցինք խելացի հեռախոսներ։ Մենք պատրաստվում ենք այս ամենն ավելի լայն օգտագործել, քանի որ քվանտային տեխնոլոգիաները, քվանտային հաշվարկները մեզ կտրուկ փոխելու են։ Դրանք փոխում են ոչ միայն սարքավորումները, տեխնոլոգիաները, այլ նաև՝ մեր հասարակությունը։ Ես ունեմ նյութական կյանք, բայց իմ կյանքի մեծ մասը վիրտուալ է։ Ես փոխկապակցված եմ աշխարհի հետ, որն ունի լույսի արագություն։ Իմ փոխկապակցվածությունը շատ լայն է և անկանխատեսելի, այն դասական ձևերով չի կառավարվում։ Այդ աշխարհը կարգավորումներ չունի , բայց այն մեր կյանքի մեծ մասն է զբաղեցնում։ Մենք՝ մարդկային արարածներս, ապրում ենք երկու կյանքով։ Մեկը վիրտուալն է, մյուսը՝ նյութականը։ Ուզենք թե չուզենք, վիրտուալությունն աճում է ամեն օր և ազդեցություն է ունենալու մեր նյութական կյանքի վրա։​ Այն մեծ ազդեցություն է ունենում մեր կյանքի, ընդհուպ՝ ժողովրդավարության կայացման վրա։ Դասական աշխարհում ժողովրդավարությունը իրականացվում է ընտրությունից ընտրություն, երբ քո ընտրազանգվածին հանդիպում ես որոշակի ժամանակը մեկը։ Նրանք ձեզ կանաչ քարտ են տալիս՝ չորս կամ հինգ տարվա համար։ Այս նոր աշխարհում ժողովրդավարությունն իրականացվում է ամեն օր, ամեն ժամ և այն ավելի և ավելի է այդպիսին լինելու։ Մենք արդեն իսկ կիսով չափ​ քվանտային ենք, քանի որ ապրում ենք վիրտուալ աշխարհում։​ Աշխարհաքաղաքական ռիսկերն ավելի և ավելի ոչ դասական են դառնում։ Վիրուսներ․ դրանք սկիզբ առան Չինաստանի ինչ-որ մի քաղաքից։ Մենք հաջողակ ենք, որ ինկուբացիոն շրջանը 14 օր է տևում։ Պատկերացրեք, եթե դա մեկ կամ երկու ամիս լիներ։ Արդյունքը ամբողջությամբ քվանտային կլիներ։ Այն սկսվել է Չինաստանում, այլ դեպքեր կլինեին Արգենտինայում, Կանադայում, ամբողջ աշխարհում։ Մենք ապրում ենք փոխկապակցված աշխարհում։ Աշխարհը դարձել է մի վայր, որտեղ անհատները շատ արագ են հաղորդակցվում։ Ահաբեկչություն․ այն քվանտային է։ Այն իրականացնելու համար այլևս քաղաքական կուսակցություն, կրոնական խմբեր, համապատասխան տարածք հարկավոր չեն, քանի որ ամեն ինչ վիրտուալ, արագ և քվանտային է։ Ահաբեկչության դեմ պայքարում մենք​ պետք է վերաբացահայտենք այն նոր աշխարհը, որտեղ ապրում ենք և փորձենք այն հասկանալ։ Մեզ շրջապատող շատ երևությներ հնարավոր կլինի բացատրել, կանխատեսել, եթե մենք կարողանանք փոխել սոցիալական կյանքի, քաղաքականության մոտեցումների​ փիլիսոփայությունը և տրամաբանությունը։ Հարյուր տարի առաջ Հայզենբերգերը, Ռիչարդ Ֆեյմանը և ուրիշներն ամբողջությամբ վերափոխեցին մարդկային տրամաբանությունը, թե ինչպես ենք մենք​ նայում բնությանը։ Նույն կերպ մենք պետք է վերափոխենք մեր մտածելակերպը և մեզ շրջապատող աշխարհը վերլուծենք, կանխատեսենք ամբողջովին ուրիշ ձևով։ ​ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը տարրական մասնիկների դասական խառնուրդ էր: Հասարակությունում կա դժգոհություն, և գաղափարախոսության անհրաժեշտություն չկա, քեզ անհրաժեշտ են մեծ էներգիայով լիցքավորված մասնիկներ, որոնք շղթայական ռեակցիա կառաջացնեն։​ Աշխարհը փոխվում է։ Սա զարմանալի չէ, քանի որ հետաքրքիր է։ Մենք բնության մասն ենք։ Քվանտային մեխանիկան կարող է բացատրել ոչ միայն անհատական մասնիկները, այլ նաև՝ դրանց կապակցվածությունը, կլաստերները, խմբերը, ինչպիսիք են ատոմները, մոլեկուլները։ Ինչո՞ւ այն չի կարող բացատրել մարդկային հասարակությունը։ Հավատում եմ, որ կարող է։ Մենք, մեր վարքագիծը բնության մասն է։ Հնարավոր է՝ անհատապես մենք տարբեր ենք, բայց այն պահին երբ մենք փոխկապակցվում ենք, մենք հաղորդակցվում ենք լույսի արագությամբ, անհատականությունը դառնում է կարևոր։ Սա անհատի ուժի աշխարհ է։ Ապագայում տեղի ունենալիք շատ բաներ հնարավոր է բացատրել տրամաբանության փոփոխության միջոցով։ Այս կամ այն իրադարձության կատարման հավանականությունն ավելի մեծ կլինի։ Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր քաղաքական գործչի վրա ազդեցություն կունենա այն ամենը, ինչը շրջապատում է նրան։ Նրա գործողությունների վերաբերյալ դատողությունները կձևավորվեն հավանականության վերաբերյալ նրա մոտեցումներից կախված։ Այսօր մենք ապրում ենք կիսադասական և կիսաքվանտային աշխարհում։ Մենք այն չենք ճանաչում։ Չինաստանում համաճարակ է։ Ինչ անե՞լ։ Մենք փորձում ենք գտնել դասական լուծումներ, փակում ենք դարպասները, չինացիներին թույլ չենք տալիս գալ Եվրոպա։ Սա դասական լուծում է։ Աֆղանստանում ահաբեկչական գործողություն է իրականացվում։ Ի՞նչ ենք մենք անում։ Պայթեցնում ենք Աֆղանստանը։ Արդյունքում մենք լուծու՞մ ենք ահաբեկչության հետ կապված խնդիրը։ Ո՛չ․․․​»: ​ Պատասխանելով քննարկման ընթացքում հնչած հարցերին, այդ թվում՝ այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն է ունենում քվանտային աշխարհը քաղաքականության վրա, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է․ «Հայաստանը փոքր պետություն է, համաշխարհային ազգ: ԱՄՆ-ում և Ռուսաստանում նույնքան հայեր են ապրում, որքան Հայաստանում: Սա գլոբալ աշխարհ է, որը բավականին փոխկապակցված է: Ի՞նչ է անում Կալիֆորնիայում կամ Փասադենայում ապրող հայը՝ վերադառնալով տուն: Մի քանի տարբերակներ կան՝ վայելել հայկական կոնյակ​ կամ դիտել «Գահերի խաղը» սերիալը, նստել համակարգչի առաջ և փնտրել «Գահերի խաղը» սերիալը, որը զվարճանք է։ Սակայն նա մտնում է ֆեյսբուք, սկսում է խորհուրդներ տալ նախագահին, վարչապետին, այդ խորհուրդների թիվը կարող է մեկից հասնել տասի, տասը հազարի, հիսուն հազարի։ Նա խորհուրդ է տալիս կառավարությանը՝ ​ հարկերի հետ կապված: Կառավարությունը, վարչապետը կամ ֆինանսների նախարարը ստանում են հազարավոր մեկնաբանություններ։ Եվ եթե դու զգայուն ես և կարևորում ես վիրտուալ կյանքը, սա քեզ համար ուղերձ է դառնում, թե ինչ են քեզանից ակնկալում մարդիկ: Այնուհետև դու սկսում ես վերլուծել այս անվերահսկելի տեղեկության հոսքը: Այդ մեկնաբանությունների զգալի մասը կեղծ օգտատերերի կողմից է գրված:​ Այդ մեկնաբանությունների մի մասի հեղինակները Հայաստանի հայերն են, իսկ մյուս մասինը՝ Կալիֆորնիայի հայերը․․․ Իրականում, ֆանտաստիկ գաղափարներ են լինում, սակայն երբ դու ընդունում ես մի օրենք, որը դասական է, դա չի ազդելու նրանց վրա: Նրանք չեն վճարելու այդ հարկերը, քանի որ նրանք վճարում են դրանք ԱՄՆ-ում: Ի՞նչ անել այս պարագայում: Առաջինը, որ պետք է սկսենք անել, նոր ուղիների մասին մտածելն է՝ կանոնակարգելու վիրտուալ աշխարհը, որը քաղաքականության քվանտային աշխարհն է: Վիրտուալ աշխարհում չկան սահմաններ: Կան քվանտային մասնիկներ, անհատներ, փոխկապակցվածություն: Ապրելով Կալիֆորնիայում՝ դու կարող ես տեղեկություն ստանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Շատ բարդ է տարբերակել՝ որն է իրական, որը՝ կեղծ: Քաղաքական առումով պետք է կարողանալ տարբերակել քո ընտրազանգվածը և դիմել հենց նրան: ​ Դրա համար կան ուղիներ, սակայն նախ և առաջ, ես կարծում եմ, մենք պետք է մտածենք, թե ինչպես պետք է կարգավորել քվանտային կամ վիրտուալ աշխարհը, որում մենք ապրում ենք: Ես որոշ գաղափարներ ունեմ, սակայն չեմ ցանկանա դրանք ներկայացնել այժմ, քանի որ դրանք կարող են ծիծաղելի լինել նույնիսկ քաղաքական գործիչների համար: Քանի դեռ մենք չենք սահմանել նոր քվանտային աշխարհի խաղի կանոնները, անհնար է լինելու մտածել դրանք օգտագործելու ձևի մասին: Մենք անելու ենք մի բան, որը լինելու է դասական, սակայն այդ դասական լուծումն արդյունավետ չի լինելու․․․ Ոչ միայն հայերն են ազդեցություն ունենում Հայաստանի վրա: Եվրոպացիները կարող են ազդել​ Ամերիկայի վրա, ամերիկացիները՝ Ռուսաստանի վրա, ռուսները՝ Չինաստանի … և այդպես շարունակ: Մենք այդպիսի նոր աշխարհում ենք ապրում»: ​ Հայաստանի նախագահն ասել է, որ ​ հետագա կյանքը բարդ է լինելու, բայց այն նաև ունենալու է իր առավելությունները: «Մենք այսօր կարող ենք կայացնել այնպիսի որոշումներ, որոնք ստանդարտից դուրս են,-ասել է Արմեն Սարգսյանը:- Ժամանակն է մտածել ստանդարտից դուրս, ոչ թե շարունակ կրկնել դասական ճշմարտություններ, որոնց մասին բոլորը գիտեն: Մենք այս համաժողովի շրջանակում քննարկել ենք նաև եղանակի փոփոխությանն առնչվող հարցեր: Եթե ես այստեղ՝ Մյունխենում ծառ տնկեմ, դա, հավանաբար, ներդրում կլինի ամբողջ աշխարհում: Եվ ես ինչ-որ առումով կփոխեմ նաև Հայաստանի եղանակը: Տարբեր երկրներ տարբեր կերպ են պայքարում այս խնդրի դեմ: Ի՞նչ անել այս իրավիճակում: Եկեք մտածենք ստանդարտից դուրս: Եկեք դիտարկենք Հայաստանը, Գերմանիան և Ֆրանսիան: Հայաստանն ունի արտաքին պարտք այս երկրներին, կամ, օրինակ, Չինաստանին: Հայաստանն այդ պարտքը վերադարձնելու փոխարեն կարող է ծառ տնկել՝ նպաստելով աշխարհն ավելի կանաչ դարձնելու գործին: Սա երկկողմ շահավետ գործընթաց է: Մենք ավելի բարեկեցիկ և կանաչ ենք դարձնում մեր երկիրը, նաև ներդրում ենք ունենում ավելի կանաչ աշխարհ ունենալու գործում: Սա աշխատող տարբերակ է՝​ հաշվի առնելով այն հանգամանքը, որը աշխարհը բոլորինս է: Եղանակը նույնպես սահմաններ չունի: Ինչու՞ չմտածենք ստանդարտից դուրս: Եթե ես փորձեմ այս գաղափարը ներկայացնել միջազգային ֆինանսական կազմակերպություններին, նրանք ի սկզբանե այն չեն ընդունի, քանի որ ցանկացած նոր գաղափար անհարմարություն է առաջացնում: Քվանտային աշխարհը նաև նշանակում է փորձել գտնել ստանդարտից դուրս լուծումներ: Այս աշխարհը փոխվելու է, և եթե մենք շարունակենք մնալ օրինաչափությունների մեջ, մենք շատ առումներով դեմ կառնենք պատի: Մենք շատ ավելի վատթար պայմաններում կհայտնվենք, եթե չգտնենք լուծումներ»: Հարցին, արդյո՞ք ֆիզիկոս լինելն ինչ որ ձևով ազդեցություն ունենում կամ փոխում է ​ քաղաքականության ու քաղաքական խնդիրների վերաբերյալ իր մոտեցումները' նախագահ Սարգսյանը, մասնավորապես, պատասխանել է.​ «Բնության մեջ առկա են մաթեմատիկական օրենքներ: Եթե բնության մեջ առաջնորդվենք միայն մաթեմատիկայով, ապա չենք կարող ճանաչել բնությունը։ Պետք է նաև ֆիզիկա, քիմիա և այլն: Մաթեմատիկան բնության Սահմանադրությունն է, ֆիզիկան, կենսաբանությունն իրական կյանքն են: Ուստի յուրաքանչյուր երկրի Սահմանադրությունն այն կարմիր գիծն է, որը չպետք է անցնել, հատել ։ Խնդիրներ ունենալու պարագայում մարդը սկսում է վերստեղծել մաթեմատիկան: Բնության հայտնագործություններն օգնում են զարգացնել մաթեմատիկան: ​ Իրական կյանքի հայտնագործությունները նույնիսկ օգնում են փոխել Սահմանադրությունն ու օրենքները: Եթե դու գործարար ես, դու պետք է իմանաս օրենքները: Եթե ուզում ես դառնալ գործարար, պետք է իմանաս մաթեմատիկա, օրենքներ, ֆինանսական ոլորտ: Քաղաքականության մեջ անհրաժեշտ է համակարգված մտածողություն և հավատ, որ տրամաբանությունը քո ունեցած ամենահզոր գործիքն է: Անհրաժեշտ է նաև կարգապահ մտածողություն և գործելու վճռականություն»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր