211652_close_icon
views-count2378 դիտում article-date 12:05 22-02-2020

Կաթողիկոսն ընդունել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին և մանկապարտեզների տնօրեններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզների տնօրեններին՝ գլխավորությամբ համայնքի ղեկավար Կարեն Հակոբյանի։ Հյուրերին ուղեկցում էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Հանդիպմանը Հայր Սուրբը Նորին Սրբությանը ներկայացրեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզներում իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ՝ նշելով, որ Մայր Աթոռն իր ավանդն է բերում մատաղ սերնդի դաստիարակության գործում։ Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամը բերեց ներկաներին։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց մանկապարտեզներում մանուկներին ազգային արժեքներով կրթելու և դաստիարակելու կարևորությունը, քանի որ հենց այդ իրողությունն է երաշխավորել հայ ժողովրդի ընթացքը դարերի մեջ, հայորդիներին պարգևել ուժ դիմագրավելու բոլոր փորձություններին և օգնել կերտելու իր սերունդների ապագան։ Հայոց Հովվապետը կարևոր համարեց, որ ներկա ժամանակներում ևս հայորդիները լինեն իրենց ազգային ավանդույթների ու արժեքների կրողն ու պահապանը, ինչի շնորհիվ հնարավոր կդառնա պահելու ազգային դիմագիծն ու լավագույնս ներկայանալու աշխարհին: Իր հերթին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար տիար Կարեն Հակոբյանն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության և Մայր Աթոռի օժանդակությամբ համայնքում իրականացվող նախաձեռնությունների համար։ Վերջինս պատրաստակամություն հայտնեց նաև աջակցելու Հայ Եկեղեցու կողմից վարչական շրջանում իրագործվող ծրագրերին։ Զրույցի ընթացքում Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը հետաքրքրվեց մանկապարտեզներում տիրող իրավիճակի, մանուկների կացության և դաստիարակության ընթացքի մասին։ Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված ուժ ու կարողություն պարգևի մանկապարտեզների տնօրեններին ու դաստիարակներին հայորդիներին ազգային գիտակցությամբ կրթելու և մեծացնելու համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր