211652_close_icon
views-count6949 դիտում article-date 20:13 25-02-2020

Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. աշխարհում վարակվածների թիվը կազմում է 80 հազար

Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Շվեյցարիան 37-րդ երկիրն է աշխարհում, որտեղ արձանագրվում է կորոնավիրուսով վարակման դեպքը: Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են և փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ մեր երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա: Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27554, գրանցվել է 2666 մահ: Այս պահի դրությամբ ծանր վիճակում է գտնվում 9126 պացիենտ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 24-ի դրությամբ արձանագրվել է 79331 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 77262, 2595-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարհի 29 երկրում արձանագրվել է 2069 դեպք, որից 23-ը մահվան ելքով: Նշված տվյալները փաստում են, որ Չինաստանում իրավիճակի կայունացումը շարունակվում է: Իրանի Իսլամական Հանրապետությունում փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ արձանագրվել է 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:

Նմանատիպ նյութեր