211652_close_icon
views-count3814 դիտում article-date 14:24 28-02-2020

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա ջուր»-ին տուգանեց 10 միլիոն դրամով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 28-ի նիստում «Վեոլիա ջուր» ընկերությանը տուգանեց 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով՝ մի շարք խախտումների համար: Հանձնաժողովի կողմից իրականացված՝ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2019 թվականի 3-րդ եռամսյակի տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է վերջինիս կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով սահմանված՝ մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին դիմող անձի համակարգի միացման համար սահմանված ժամկետների գերազանցման դեպքեր։ Ինչպես տեղեկացրին հանձնաժողովից, հաշվի առնելով վերոնշյալը՝ հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, որի արդյունքում փաստվել է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը 2019 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում մի շարք դեպքերում խախտել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձանց միակողմանի կնքված միացման պայմանագիր կամ տեխնիկական պայմաններ չներկայացնելով կամ ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ։ Ուստի հանձնաժողովը կանոնների 16-րդ կետը խախտելու համար ընկերությանը ենթարկեց տուգանքի` 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով։

Նմանատիպ նյութեր