211652_close_icon
views-count1385 դիտում article-date 11:44 04-03-2020

Մարդկանց սևացնելու նպատակով քաղաքական բաժանումներն անընդունելի են. կողմնորոշվե՛ք, դուք սպիտակ եք` սև երանգներո՞վ, թե՞ սև` սպիտակ երագներով. Դավիթ Խաժակյանը՝ իշխանականներին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին առ այն, որ հարյուրավոր հանձնաժողովի անդամների ԱՅՈ-ի շտաբը ներկայացրել է այն մարդկանց ցանկից, ովքեր նախորդ համապետական ընտրություններին առաջադրված են եղել ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից: Նա մասնավորապես նշել է, որ մարդկանց սևացնելու նպատակով քաղաքական բաժանումներն անընդունելի են: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց և ինքս համոզվեցի, որ հարյուրավոր հանձնաժողովի անդամների ԱՅՈ-ի շտաբը ներկայացրել է այն մարդկանց ցանկից, ովքեր նախորդ համապետական ընտրություններին առաջադրված են եղել ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից: Քաղաքական ռասիզմ պարունակող մտքեր չեմ արտահայտի: Մարդկանց սևացնելու նպատակով քաղաքական բաժանումներն անընդունելի են: Բայց խնդիրը նրանում է, որ երբ ԼՀԿ-ն իր համախոհներին չարգելեց ներգրավվել ընտրական հանձնաժողովներում, նույն այդ իշխանականները, ովքեր հարյուրից ավել միայն տեղամասի նախագահ են ներկայացրել նշածս ուժերից, փարիսեցիաբար շահարկեցին ԼՀԿ որոշումը, պնդելով, որ այդպիսով ԼՀԿ-ն աջակցում է ՈՉ-ին: Եթե այդ տրամաբանությամբ երկակի ստանդարտներից զերծ մնանք, ապա պետք է պնդենք, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն աջակցում են նաև ԱՅՈ-ին: Ավելին, եթե Ազատություն ռադիոկայանը այդ կողմնակալությունը կրողը չէ, ապա այսօր, ինչպես նախորդ դրվագում, պետք է ռեպորտաժ պատրաստի` ներկայացնելով ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի աջակցությունը ԱՅՈ-ին: Իհարկե իշխանականների տրամաբանության կիրառումը սյուռ կստացվի. իշխանությունները փորձում են ազատվել ՍԴ նախագահից մի հանրաքվեի միջոցով, որի հարյուրավոր հանձնաժողովի անդամներ և նախագահներ դեռ մեկ տարի առաջ ներգրավվել են հանձնաժողովներում այդ նույն ՍԴ նախագահին ընտրած ուժերի կողմից: Հարգելի իշխանականներ, ձեզ կողմնորոշվել է անհրաժեշտ, անբովանդակ շահարկումների գայթակղությանը չտրվելու կամք է անհրաժեշտ: Ու ընդհանրապես, կողմնորոշվե՛ք, դուք սպիտակ եք` սև երագներո՞վ, թե՞ սև` սպիտակ երագներով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր