Պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման
Նյու Յորքի բարձրագույն դատարանը հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին դատապարտել է 23 տարվա ազատազրկման: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:
Մեղադրյալը դատարանի դահլիճ է մուտք գործել ձեռնաշղթաներով անվասայլակով: Մարտի սկզբին նա սրտի ստենտավորման վիրահատության է ենթարկվել:
Փետրվարին պրոդյուսերը մեղավոր է ճանաչվել իր օգնական Միրիամ Հալեյիկին օրալ սեքս պարտադրելու, ինչպես նաև ոճաբան Ջեսիկա Մաննին բռնաբարելու մեջ:
Միաժամանակ, Վայնշտեյնին արդարացրել են երեք այլ մեղադրանքների համար, որոնցով նրան ցմահ ազատազրկում էր սպառնում:
Հոլիվուդի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի՝ Վայնշտեյնի դեմ ներկայացված մեղադրանքների մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2017թ. հոկտեմբերին, երբ The New York Times-ում այդ մասին հոդված հրապարակվեց:
Պարբերականի տվյալներով՝ պրոդյուսերը 30 տարի շարունակ ինտիմ հարաբերությունների է դրդել երիտասարդ դերասանուհիներին և իր ընկերության աշխատակցուհիներին՝ կարիերային աճ խոստանալով:
Հոդվածի հրապարակումից ի վեր Վայնշտեյնի դեմ բողոք է ներկայացրել ավելի քան 80 կին, որոնց թվում՝ հայտնի դերասանուհիներ Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն և Սալմա Հայեկը: