8556 դիտում
18:52 18-03-2020
Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը. Ռուբեն Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը, այն է՝ Արցախի զարգացմանը, և վստահ եմ, որ մեր համագործակցությունն ավելի կզարգանա և կամրանա։
Այս մասին հայտարարել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը:
«Տասնհինգ տարուց ավելի է, ինչ ճանաչում եմ Արայիկ Հարությունյանին ու մշտապես հիացել և զարմացել եմ նրա տարբերվող տեսակով, գիտելիքների մեծ պաշարով և կյանքի հանդեպ ունեցած մեծ հետաքրքրությամբ։ Ճիշտ է, նա զբաղվում է Արցախի տնտեսական խնդիրներով, իր գործի գիտակն է, սակայն չի սահմանափակվում միայն դրանով, մշտապես հետևում է աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, իր աշխատանքը կառուցում առաջադեմ մոտեցումների վրա և ձգտում նորարարական մտքի նվաճումները ներդնել Արցախում։ Հավատացեք, շատ չեն նման գործիչները՝ թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում։
Արայիկ Հարությունյանին բնութագրելիս պետք է առանձնացնեմ երկու կարևոր հատկանիշ․ առաջինն այն է, որ նա շատ հեշտ է շփվում տարբեր տեսակի մարդկանց հետ, ունի շփման լայն շրջանակ, իսկ երկրորդը՝ նրա հետ հեշտ է աշխատել, քանի որ նա իր խոստման տերն է։ Մենք համատեղ շատ նախագծեր ենք իրականացրել, ձեռք ձեռքի տվել և ասել, որ պետք է անենք։ Ու նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ բաներ են փոխվել, մեր պայմանավորվածությունը պահպանվել է։ Դա գործնական հարաբերություններում շատ կարևոր հատկանիշ է, առավել ևս՝ պետական պաշտոնյայի համար։
Մոտ 20 տարի է, որ մենք իրականացնում ենք «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (Initiatives for Development of Armenia, IDeA) հիմնադրամի ծրագրերը, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի զարգացման երկարաժամկետ նախագծերի իրականացմանը, և Արցախը շատ մեծ դերակատարում ունի դրանցում, քանի որ, առանց չափազանցության, Արցախի զարգացումը, հաջողությունը, ժողովրդի երջանկությունը ամենակարևոր հարցն է: Թող չնեղանան ո՛չ սփյուռքահայությունը և ոչ էլ հայաստանաբնակ մեր հայրնակիցները, ես այդպես եմ կարծում, որովհետև, ճիշտ է, Արցախում մենք հաղթանակ ենք տարել, բայց այդ հաղթանակը պետք է ոչ միայն պատերազմի դաշտում կերտել, այլ նաև խաղաղ պայմաններում․ մենք հաղթել ենք, որպեսզի հայ ժողովուրդն իր
պատմական հողում ապրի ազատ, հաջողակ և երջանիկ, այսինքն՝ բավարարվել միայն պատերազմի հաղթանակով չի կարելի։
Անցած տարիների ընթացքում Արցախում բազմաթիվ ծրագրեր ենք կյանքի կոչել. նախատեսում ենք նաև նորերը: Դրանցից է Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու կառուցումը, քանի որ ճոպանուղին ծառայելու է ոչ միայն որպես տրանսպորտային միջոց, այլ նաև լուրջ գործոն է հանդիսանալու Շուշիի զարգացման և զբոսաշրջության խթանման համար:
Մենք համատեղ հետաքրքիր ծրագրեր ունենք նաև էկոտուրիզմի հետ կապված, որոնք հիմնված են իրականացված ուսումնասիրությունների վրա: Դրանց մեկնարկը պետք է տայինք 2016թ․, սակայն, ցավոք, ապրիլյան պատերազմը պատճառ դարձավ, որպեսզի դադարեցվի այդ ծրագրերի մի մասի իրականացումը, քանի որ այդ ժամանակ մեր օգնության կարիքն ավելի շատ կար տեխնոլոգիաների և, ընդհանուր առմամբ, անվտանգության
համակարգում: Բայց հուսով եմ, որ ամեն բան կարգավորվելու է, և մենք մեր ծրագրերը, անպայման կյանքի ենք կոչելու: Դա շատ կարևոր ծրագիր է, քանի որ այն միացնում և ընդհանուր մի օղակի մեջ է առնում Տաթև-Գորիս- Ստեփանակերտ-Շուշի-Դադիվանք և Դիլիջան-Սևան–Գյումրի-Երևան զբոսաշրջային ուղղությունները: Այն Արցախի կյանքում կարևոր նշանակություն կունենա, որի շնորհիվ զբոսաշրջիկների մեծ հոսք կարձանագրվի: Վերջիններս, այցելելով Արցախ, հաճույք կստանան Արցախի և՛ հիասքանչ բնությունից, և՛ համեղ հյուրասիրությունից, և՛ ժամանցի հետաքրքիր տեսակներից:
Վստահ եմ՝ վերը նշված բոլոր ռազմավարական ծրագրերն իրականություն կդառնան Արցախում Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահ ընտրվելու դեպքում, քանի որ նա դրա համար ունի բոլոր նախադրյալները՝ և՛ գիտելիքներ, և՛ փորձ, և՛ քաղաքական կամք:
Այսօր՝ նախագահական ընտրությունների նախաշեմին, արցախցիները պետք է ընտրություն կատարեն, իրենք պետք է որոշեն, թե ում են վստահում Արցախի ապագան: Արցախցիները միշտ ցույց են տվել, որ շատ խորը մարդիկ են, և կարծում եմ, որ դարերից եկող ժողովրդական իմաստությունը նրանց իրենց կհուշի ճիշտ որոշում կայացնել: Ես շատ ուրախ կլինեմ, որ իրենք ընտրեն Արայիկ Հարությունյանին՝ որպես նախագահ, քանի որ նա շատ փորձառու է և, իսկապես, շոշափելի օգուտ կբերի Արցախին: Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը, այն է՝ Արցախի զարգացմանը, և վստահ եմ, որ մեր համագործակցությունն ավելի կզարգանա և կամրանա»,- նշել է Ռ. Վարդանյանը։
[b]«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8169 դիտում
19:11 16-11-2017
Ռոնալդինյո. Կաջակցեմ Մեսիին, եթե նա հեռանա «Բարսելոնայից»
3672 դիտում
21:02 09-05-2016
Լոնդոնի քաղաքապետը հայտարարել է, որ ինքը չի մեկնի ԱՄՆ, եթե նախագահ ընտրվի Թրամփը
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից