211652_close_icon
views-count15633 դիտում article-date 12:11 23-03-2020

Համաշխարհային պատերազմներից ու համաճարակներից հետո աշխարհը փոխվում է. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պատճառներ չկան չհավատալու, որ աշխարհը (և մենք) չենք հաղթահարելու կորոնովիրուսային էպիդեմիան: Նաև կարելի է հավատալ, որ հերթական համաշխարհային ճգնաժամից հետո աշխարհը դառնալու է ավելի ուժեղ ու խելամիտ: Հավանական է, որ քաղաքականության մեջ և ԶԼՄ-ներում ավելի շատ ի հայտ կգան ռեալիզմի, առողջ բանականության և պրոֆեսիոնալիզմի կողմնակիցները: Արդյունքում քաղաքականությունը կձերբազատվի բոլոր տիպի պրոգրեսիվ դիլետանտներից ու խելապակաս խմբավորումներից: Միջազգային վերլուծականները նշում են նաև ապագա աշխարհում պոպուլիզմի ու մանիպուլյատորների քաղաքական “անհետացման” մասին: Կրիտիկական իրավիճակները որպես կանոն ոչ միայն չեզոքացնում են վտանգները, այլև թույլ են տալիս այլ կերպ վերաբերվել երևույթներին: Կորոնավիրուսն այսօր մարդկության համար, հանդես է գալիս որպես ապագայի սոցիալական ազգանշան՝ հասականալու թե ի՞նչն է կարևոր, ի՞նչն է բալաստ և ի՞նչն է վտանգավոր: Որպես կանոն, համաշխարհային պատերազմներից ու համաճարակներից հետո աշխարհը փոխվում է: Կորոնավիրուսային էպիդեմիայի ու նրա դեմ պայքարի ողջ ընթացքում ի հայտ են գալու մարդկության ուժեղ և թույլ կողմերը: Նրա ստեղծած պետական, սոցիալական և ավանդական ինստիտուտների ամրությունը և գործունակությունը: Օրինակ՝ Եվրամիությունը, ապագայում պետք է կարողանա վերահաստատել իր գոյության իմաստը: Էպիդեմիայի առաջին օրերը Եվրոպայում ցույց են տալիս, որ ԵՄ-ն որպես կառույց չգործեց այնպես, ինչպես ակնկալվում էր: Բոլոր տիպի խնդիրները մնացին ազգային կառավարությունների ուսերին և հիմա ԵՄ յուրաքանչյուր երկիր իրավիճակից փրկվում է ինքնուրույնաբար՝ ինչպես կարող է: Էպիդեմիայի առաջին օրերին միջազգային մամուլն ակնկալում էր, որ ԱՄՆ-ը կստանձնի աշխարհը ստեղծված իրավիճակից դուրս բերելու առաջամարտիկի դերը, սակայն այսօր ԱՄՆ-ի հակահամաճարակային գործողությունները սահմանափակվում են միայն սեփական տիրույթում, ու դեռ պարզ չէ, թե որքանով այն արդյունավետ և օրինակելի կարող է լինել: “Մեծ յոթնյակ”-ը դեռևս ընկղմված է սեփական պրոբլեմների մեջ և դեպի մնացյալ աշխարհը ձեռք մեկնելու քաղաքական ու տնտեսական պոտենցիալ առայժմ չի ցուցաբերում: Հատկանշական է այն հանգամանքը, որ համաճարակի բարդ փուլում գտնվող Իտալիային օգնության է շատպում ոչ թե ՆԱՏՕ-ի գործընկերներից որևէ մեկը՝, այլ Չինաստանը և Ռուսաստանը: Դեռ պարզ չէ, թե երբ կավարտվի կորոնավիրուսի ազդեցությունը հասարակության բնականոն կյանքի վրա: Նշվում են տարբեր ժամկետներ: Բայց, որ համաճարակը հաղթահարվելու է, և մենք հայտնվելու ենք “նոր աշխարհի կառուցման” ճանապարհին, որտեղ փոփոխվելու և վերանայվելու են շատ բաներ՝ փաստ է: Մարդու և պետության համար անհրաժեշտություն են դառնալու գաղափարական, արժեքային, քաղաքական, տեխնոլոգիական, սոցիալական, հոգևոր-մշակությանին, տնտեսական, էկոլոգիական, էներգետիկ և կոմունիկացիոն առաջնահերթությունների վերաբերյալ նոր արժևորումները: Վերանայման են ենթարկվելու ընտանիքի կենցաղային ծախսերից սկսված մինչև կենսառեսուրսային, անվտանգային, կիբեռհամակարգային, տնտեսական և գլոբալ համագործակցությանն առընչվող այլ հարցերը: Իսկ քաղաքական ամենակարևոր հատկանիշները դառնալու են որոշումների կայացման արագությունը, հիմնավորվածությունը և պրոֆեսիոնալիզմը: Մարդկության մեծամասնությունն էպիդեմիայից դուրս են գալու մարդու, բնության և հավատքի վերաբերյալ նորացված, ճշգրտված ու կշռադատված հայացքներով: Այսինքն՝ տեղեկատվական պրեսսինգի և ամենօրյա վազքի մեջ գտնվող ժամանակակից սպառողական հասարակության գիտակցական մակարդակն էական փոփոխությունների է ենթարկվելու: Հետևաբար, շատ բարդ է լինելու մանիպուլացնել և հեշտությամբ կառավարել մարդկանց գիտակցությունը: Ժողովրդավարական տրանզիտներին փոխարինելու են գալու պետության ու կառավարությունների նկատմամաբ սեփական քաղաքացիների պահանջատիրության նոր սոցիալական ալիքները»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր