211652_close_icon
views-count16913 դիտում article-date 10:39 27-03-2020

Մոտակա ամիսներին հասարակություններն ամեն օր կհանձնեն հասունության քննություններ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Միջուկային գիտությունների և ինժեներիայի ֆակուլտետի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը «ՍիվիլՆեթի» համար գրած իր վերլուծական հոդվածի մեջ բացատրում է, թե ինչով է նոր կորոնավիրուսով առաջացած գրիպը տարբերվում «սովորական» գրիպից: Ըստ նրա՝ համաճարակի պարագայում այլ գրիպների դեպքերը կրկնապատկվում են 10 օրում, և ժամանակակից բժշկությունը կարողանում է «տարածվող կրակը» հանգցնել, իսկ կորոնավիրուսի դեպքում վարակվածների թիվը կրկնապատկվում է երեք օրում, և առողջապահական համակարգը չի հասցնում դրա հետևից: Իհարկե, վաղ թե ուշ կհասցնի՝ դա ժամանակի հարց է, պարզապես այդ ժամանակահատվածից մարդկությունը պետք է դուրս գա հնարավորինս քիչ կորուստներով՝ թե՛ մարդկային, թե՛ տնտեսական: Եթե Դանագուլյանի՝ մի շարք երկրների փորձի վրա հիմնված տեսությունը ճիշտ է, ապա մարտի 29-ին Հայաստանում կլինի մոտ 580 վարակված, քանի որ երեկ 290 էր: Դա, իհարկե, դժվար չի լինի ստուգել, և եթե այդպես լինի, խուճապի առիթ չպիտի դառնա: Բայց սկզբունքը ճիշտ է նշված, և դա հաստատում են այլ հետազոտողներ. խնդիրը ոչ այնքան հիվանդության ծանրությունն է (աշխարհում կան շատ ավելի վտանգավոր հիվանդություններ), այլ դրա արագ տարածումը: Հետևաբար, շահում են նրանք, ովքեր կարողանում են ա/ այդ տարածումը դանդաղեցնել (կանգնեցնել, կարծում եմ, հնարավոր չէ), որպեսզի բժիշկները հասցնեն իրենց գործն անել, բ/ պատրաստել հիվանդանոցները, սարքավորումներ, դեղորայք՝ մեծ քանակով պացիենտների սպասարկելու համար: Երկրորդ խնդիրն ամբողջությամբ պետությունների, միջազգային կառույցների ուսերին է, և գուցե նաև՝ նրանց աջակցող մեծահարուստների: Առաջին խնդրում մեր՝ քաղաքացիներիս և պետության պատասխանատվությունը 50/50 է: Կարծում եմ, այն, ինչ արվում է այս երեք օրվա ընթացքում, պետք էր սկսել մարտի 11-ին, իսկ տեղաշարժվելու սահմանափակումները պետք է լինեն ավելի խիստ և խախտումների դեմ պայքարը՝ ավելի հետևողական, քան հիմա է: (Ի դեպ, խոսքի ազատության սահմանափակումները բացարձակապես անիմաստ են, և դրա վրա չարժե ծախսել պետական ռեսուրսը): Բայց գործի կեսը պետք է անենք մենք՝ քաղաքացիներս: Խնդիրը զուտ այն չէ, որ երիտասարդ և առողջ մարդը կարող է վարակվել. նրան, ամենայն հավանականությամբ, ոչինչ չի լինի: Խնդիրն այն է, որ նա չփոխանցի վարակը, չնպաստի դրա տարածմանը, որպեսզի վարակը չհասնի մեր տարեց և առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին: Դրա համար պետք է սերմանել այն գաղափարը, որ տանը նստող կամ սուպերմարկետում դիմակ կրող մարդը վախկոտ չէ, նա ոչ միայն իր առողջության մասին է մտածում, այլև չի ուզում դառնալ վարակը փոխանցող օղակներից մեկը: Մոտակա ամիսներին բոլոր երկրների հասարակություններն ամեն օր պիտի հանձնեն հասունության քննությունները»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր