211652_close_icon
views-count7072 դիտում article-date 13:49 31-03-2020

Կառավարությունն ԱԺ օրակարգից հանել է կորոնավիրուսից մահացածներին չհերձելու մասին օրենքի նախագիծը

ՀՀ կառավարությունը որոշել է իր առաջարկությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման օրակարգից հանել կորոնավիրուսից մահացածներին չհերձելու վերաբերյալ օրենքի նախագիծը: «[url=https://armenpress.am/arm/news/1010637.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս մասին ասաց ԱԺ մարտի 31-ի արտահերթ նիստում մեկ այլ օրենքի նախագծի վերաբերյալ իր ելույթի վերջում: «Կառավարությունը որոշել է երկրորդ ընթերցման օրակարգից հանել Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքը»,-ասաց նախարարը: «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր մարտի 30-ի արտահերթ նիստում: ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն այն ներկայացնելով մասնավորապես նշել էր, որ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված պահանջներին։ Նշված հիվանդության վերավարակելիության աստիճանը դեռևս ամբողջովին ուսումնասիրված և բացահայտված չէ, ինչպես նաև դիակի ներսում կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը դեռ պարզված չէ, կարող են հերձման արդյունքում առաջանալ վարակի տարածման անդառնալի հետևանքներ: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել այս հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում, ըստ բժշկական փաստաթղթերի, չիրականացնել հերձում` վարակի հետագա և մեծածավալ տարածումը կանխելու նպատակով: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 31-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 532 է, վիրուսից մահացել է 3 անձ, ապաքինվել` 30 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր