1053 դիտում
16:46 16-04-2020
Թույլ մի՛ տվեք, որ երեխաները ՔՈՎԻԴ-19 համաճարակի զոհը դառնան. ՅՈՒՆԻՍԵՖ
«Աշխարհն այօր միավորվել է անտեսանելի թշնամու դեմ ընդհանուր պայքարում: Բայց մինչ մեր հայացքները հիմնովին կենտրոնացած են այն բանի վրա, թե ինչպես խուսափել կամ բուժել ՔՈՎԻԴ-19-ը, համաճարակի թաքնված ազդեցությամբ պայմանավորված լուրջ հետևանքները, որոնք մեզ մարտահրավեր են նետելու համաճարակից անդին, դեռ առաջնահերթ չեն համարվում: Այս մոտեցումը պետք է փոխվի:
Երեխաներն ու երիտասարդները ոչ միայն ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունն անմիջականորեն կրողներն են, այլև՝ դրանից ամենաշատը տուժածների թվին են պատկանում: Եթե մենք հիմա չգործենք համաճարակի ազդեցությունը երեխաների վրա կանխարգելելու համար, ՔՈՎԻԴ-19-ի «հետքը» հավետ կվտանգի մեր ընդհանուր ապագան: Հավանական գլոբալ տնտեսական ճգնաժամի հեռանկարներով պայմանավորված՝ ամեն ինչ սկսվում է ապագային ուղղված ներդրումները երկրորդական պլան մղելուց։
Կրթության, երեխաների պաշտպանության, առողջապահության և սնուցման, ջրի և սանիտացիայի ոլորտներում ներդրումների ավելացումը կօգնի աշխարհին մեղմել այս ճգնաժամի հետևանքով պատճառված վնասները և խուսափել հետագա ճգնաժամերից: Կյանքը կվերսկսի իր բնականոն ընթացքը, և երբ դա տեղի ունենա, առողջապահության ամենաթույլ համակարգերի դիմակայունությունը կդառնա այն չափանիշը, որը ցույց կտա, թե որքանով լավ ենք մենք պայքարելու ապագա սպառնալիքների դեմ։
Այս ճգնաժամը հաղթահարելու համար՝ աշխարհի երկրներն ու համայնքները պետք է միասին աշխատեն: Ինչպես հասկացանք վերջին երկու ամիսների ընթացքում, ցավալի է, բայց՝ փաստ՝ քանի դեռ պատվաստանյութ գոյություն չունի, կորոնավիրուսը սպառնալիք է ամենուր և ամենքի համար։ Հիմա՛ պետք է գործենք, որպեսզի հզորացնենք առողջապահական համակարգերը և երեխայակենտրոն սոցիալական այլ ծառայությունները՝ հետևելով համաշխարհային զարգացման գերակայություններին աշխարհի յուրաքանչյուր երկրում:
Այս շաբաթ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկում է իր գործողությունների համաշխարհային օրակարգը` ամենախոցելի երեխաներին վնասներից պաշտպանելու համար: Օրակարգը ներառում է վեց կետ. 1) պահպանել երեխաների առողջությունը, 2) ջուրը ու սանիտարահիգիենիկ պայմանները հասանելի դարձնել խոցելի երեխաների համար, 3) ապահովել կրթության շարունակականություն, 4) աջակցել ընտանիքներին՝ հոգալ իրենց կարիքներն ու ապահովել երեխաների խնամքը, 5) պաշտպանել երեխաներին բռնությունից, շահագործումից և չարաշահումներից, 6) պաշտպանել փախստական, միգրանտ և հակամարտությունից տուժած երեխաներին:
Առանց հրատապ քայլեր ձեռնարկելու՝ այս առողջապահական ճգնաժամը կարող է դառնալ երեխայի իրավունքների ճգնաժամ: Միայն միասին աշխատելով կարող ենք հնարավորություն տալ միլիոնավոր աղջիկներին և տղաներին լինել առողջ, անվտանգ և շարունակել կրթություն ստանալ։
«Առողջապահության բնագավառում, ՔՈՎԻԴ-19-ը կարող է գերծանրաբեռնել փխրուն առողջապահական համակարգերը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում և քար նետել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում երեխաների կյանքի պահպանման, առողջության, սնուցման և զարգացման գործում ձեռք բերված բազմաթիվ օգուտների վրա: Շատ երկրների առողջապահական համակարգեր արդեն իսկ դժվարություններ ունեն: ՔՈՎԻԴ-19 ճգնաժամից առաջ աշխարհում թոքաբորբի ախտանիշներով երեխաների 32 տոկոսը բուժաշխատողի չէր դիմում: Ի՞նչ կլինի, երբ ՔՈՎԻԴ-19-ն ամբողջ ուժով հարվածի: Մենք արդեն իմունիզացիայի ծառայության խափանումներ ենք տեսնում․ դրանք սպառնում են այնպիսի հիվանդությունների՝ ինչպիսիք են պոլիոմիելիտը, կարմրուկը և խոլերան, բռնկմամբ, որի համար պատվաստանյութեր արդեն գոյություն ունեն: Թվով շատ ավելի նորածիններ, երեխաներ, երիտասարդներ և հղի կանայք կարող են զոհ դառնալ ոչ կորոնավիրուսային հիվանդության, եթե ազգային առողջապահական համակարգերը, որոնք արդեն մեծ ճնշման տակ են, ամբողջովին գերծանրաբեռնվեն: Նմանապես, սնուցմանն ուղղված շատ ծրագրեր խափանվում կամ կասեցվում են, այդ թվում՝ համայնքային ծրագրերը, որոնք ուղղված են անբավարար սնուցում ստացող երեխաների վաղ հայտնաբերմանն ու բուժմանը: Մենք պետք է գործենք հիմա, որպեսզի պահպանենք և ամրապնդենք առողջապահության և սնուցմանն ուղղված համակարգերը աշխարհի յուրաքանչյուր երկրում:
«Միաժամանակ, ձեռքերը լվանալու և հիգիենայի պատշաճ պրակտիկայի միջոցով մեզ և ուրիշներին պաշտպանելը երբեք այսքան կարևոր չի եղել: Բայց շատ երեխաների համար ջուրն ու սանիտարահիգիենիկ պայմանները շարունակում են անհասանելի լինել: Ամբողջ աշխարհում, բնակչության 40 տոկոսը, այն է՝ 3 միլիարդ մարդ, դեռևս տանը չունի ձեռքերը օճառով և ջրով լվանալու համար ամենատարրական պայմանները։ Իսկ դա ամենաքիչ զարգացած երկրների բնակչության գրեթե երեք քառորդն է կազմում: Եկե՛ք անենք այնպես, որ յուրաքանչյուր տնային տնտեսություն, դպրոց և առողջապահական հաստատություն համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններն ունենա՝ ապահովելով առողջ միջավայր։
«Կրթության բնագավառ։ Երեխաների մի ամբողջ սերնդի կրթությունն ընդհատվել է: Ազգային մակարդակում դպրոցների փակումը խաթարել է ավելի քան 1,57 միլիարդ աշակերտների կրթությունը՝ ամբողջ աշխարհում կազմելով 91 տոկոս: Նմանատիպ նախորդ փորձառությունը մեզ հուշում է, որ դպրոցականները, իսկ հատկապես աղջիկները, ովքեր երկար ժամանակ դպրոց չեն հաճախում, շատ ավելի քիչ հավանական է, որ վերադառնան դպրոց վերաբացումից հետո: Դպրոցների փակումը նաև խաթարել է դպրոցական սննդի ծրագրերը ՝ մեծացնելով թերսնման մակարդակը: Սա կարող է վնաս հասցնել աշակերտների մի ամբողջ սերնդի ուսմանն ու ներուժին: Կրթություն ապահովելու վերաբերյալ մեր ստանձնած պարտավորություններն ու ներդրումները կրկնապատկելը, երբեք ավելի հրատապ չի եղել:
ՔՈՎԻԴ-19- ի սոցիալ-տնտեսական ազդեցությունն ամենաշատը անդրադառնալու է ամենախոցելի երեխաների վրա: Շատերն արդեն ապրում են աղքատության մեջ, իսկ ՔՈՎԻԴ-19-ի դեմ ուղղված պայքարի միջոցառումների հետևանքները նրանց վիճակն է՛լ ավելի են վատթարացնելու: Քանի որ միլիոնավոր ծնողներ պայքարում են իրենց ապրուստի միջոցներն ու եկամուտները պահպանելու համար, կառավարությունները պետք է տրամադրեն սոցիալական պաշտպանությանն ուղղված մեխանիզմներ՝ դրամական փոխանցումներ, աշխատատեղերի պահպանման աջակցություն, և այլն: Պետք է աշխատել գործատուների հետ` ծնողներին սատարելու համար և առաջնահերթություն տալ միջոլորտային կապ ստեղծող քաղաքականություններին։
Առողջապահական ոլորտի նախորդ արտակարգ իրավիճակներից գիտենք, որ երբ դպրոցները փակ են, սոցիալական ծառայությունները չեն գործում և տեղաշարժը սահմանափակված է, մեծանում է երեխաների շահագործման, չարաշահման և բռնության ենթարկվելու վտանգը։ Իսկ բռնությունն ամենաշատը տեղի է ունենում տանը: Երկրների մեծ մասում 3 երեխաներից ավելի քան 2-ը խնամակալների կողմից ենթարկվում են ծնողավարման բռնի մեթոդների: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ այդ երեխաները չեն կարողանում դուրս գալ տնից, կտրված են ուսուցիչներից, ընկերներից կամ չեն կարող օգտվել պաշտպանության ծառայություններից: Եվ քանի որ միլիոնավոր երեխաների համար թվային տեխնոլոգիաները դառնում են արտաքին աշխարհի հետ շփվելու միակ միջոցը, ինչպե՞ս ենք պաշտպանում նրանց հնարավոր ռիսկերից և վնասակար հետևանքներից: Երեխաների բռնությանը վերջ դնելու սոցիալական շարժումը, բռնության ենթարկված կանանց շարժման նման անհրաժեշտ մի բան է: Որքան շուտ այն սկսվի, այնքան բոլորիս համար լավ կլինի:
Այն երեխաները, ովքեր արդեն հումանիտար ճգնաժամի մեջ են ապրում, չպետք է մոռացվեն ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի ընթացքում: 2020 թվականն արդեն համարվել էր տարի, որի ընթացքում, ավելի շատ մարդ, քան երբևէ, մարդասիրական օգնության կարիք ուներ։ Իսկ ճգնաժամից տուժած երկրներում երեխաների խոցելիությունը կշարունակվի և, հավանաբար, ավելի կխորանա այս համաճարակի հետևանքով՝ ենթարկելով նրանց երկակի վտանգի: Համաշխարհային հանրությունը պետք է համախմբվի՝ ամենախոցելի երեխաների՝ նրանց, ովքեր չունեն ընտանիք կամ տուն, իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև՝ վիրուսի տարածումից պաշտպանելու համար»:
Նմանատիպ նյութեր
2660 դիտում
23:14 07-04-2020
ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են իրենց ջանքերը ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում
7973 դիտում
16:08 25-04-2020
Նույնիսկ ՔՈՎԻԴ-19-ից առաջ ավելի քան 13 միլիոն երեխա ընդհանրապես չի պատվաստվել․ ՅՈՒՆԻՍԵՖ
608 դիտում
16:02 08-05-2020
Կրթական հաստատություններում ՔՈՎԻԴ-19-ի կանխարգելմանն ուղղված նոր ուղեցույց-ՅՈՒՆԻՍԵՖ և գործընկեր
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»