211652_close_icon
views-count2515 դիտում article-date 10:50 17-04-2020

Սպառողական կրեդիտավորման ընթացակարգում փոփոխությունների օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ «[url=https://armenpress.am/arm/news/1012506.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` նախագիծը հեղինակել են խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյանը։ «Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությամբ` կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով պետք է գրի, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը»,- նշել էր Մանուկյանը։ Մեկ այլ փոփոխությամբ` Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչև երեք ամիս ժամկետով կնքվող մինչև 300 հազար դրամի չափով սպառողական կրեդիտների համար սահմանում է պարտադիր պահանջներ և պայմաններ, վարկավորման կանոններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի և եկամտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թ. հունվարի 1-ին, իսկ նախատեսված նորմատիվ իրավական ակտերը Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունելու է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 103 «կողմ» ձայնով։

Նմանատիպ նյութեր