36660 դիտում
11:41 24-04-2020
Դանակահարություն Երևանում. 34-ամյա տղամարդը «կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ ապրիլի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ա. Ավետիսյան փողոցի 76 շենքի բակից «կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ավդիշոևի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նշված փողոցի բնակիչ՝ 34-ամյա Ստյոպա Չ-ն է ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: