211652_close_icon
views-count1499 դիտում article-date 13:34 24-04-2020

Այսօր Ֆրանսիան հանձնառու է պայքարելու ժխտողականության դեմ. Մակրոնը նամակ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։ Նամակում ասված է. «Պարոն նախագահ, Սիրելի բարեկամ, Հայոց ցեղասպանության 105-ամյակի հիշատակի այս օրը Ձեզ, ինչպես նաև հայ ժողովրդին հղում եմ իմ լավագույն եղբայրական և բարեկամական ողջույնները: Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլիսի 600 հայ մտավորականների սպանդը, որը սկիզբ դրեց ցեղասպանությանը: Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դաս քաղելու այդ ողբերգական պատմության էջից: Անցյալ տարի իմ երկիրը, համաձայն իմ ստանձնած հանձնառության, Ապրիլի 24-ը հայտարարեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Խստորեն հարգելով ներկա առողջապահական վիճակի թելադրած հրահանգները՝ ես որոշել եմ, որ այս տարի նույնպես այդ օրը պետք է նշվի՝ Փարիզում, սեղմ արարողությամբ, Ֆրանսիայի կառավարության անդամների ներկայությամբ: Այդ ժառանգությունը և համատեղ հիշողությունն են մեր երկու երկրների միջև այսքան յուրահատուկ հարաբերության հիմք հանդիսանում: Այսօր աշխարհը պատուհասած կորոնավիրուսի համավարակը բոլորիս պարտադրում է առողջապահական, տնտեսական և սոցիալական նոր մարտահրավերներ: Այդ մարտահրավերներին մենք կդիմագրավենք միասին։ Եվ ես համոզված եմ, որ Ֆրանսիան և Հայաստանը համատեղ կգործեն միջազգային շրջանակներում՝ ի նպաստ առավել արդյունավետ բազմակողմանիության և նորահաստատ համերաշխության: Ինչպիսին էլ լինեն դժվարությունները, հայերը կարող են հույս դնել Ֆրանսիայի բարեկամության վրա: Հավատարիմ իր հանձնառություններին՝ Ֆրանսիան հայերի կողքին է խաղաղության և բագավաճման հասնելու նրանց իղձերի մեջ: Պարոն Նախագահ, Խնդրում եմ ընդունեք հարգանքներիս խորին հավաստիքը»:

Նմանատիպ նյութեր