211652_close_icon
views-count1573 դիտում article-date 19:36 21-09-2020

Ֆրանսիան և Հայաստանը կարող են հպարտանալ պատմական կապերի, համատեղ հիշողության և ընդհանուր տեսլականի վրա հիմնված հագեցած փոխհարաբերությունների համար. Էմանուել Մակրոնը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Պարոն նախագահ, սիրելի բարեկամ, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ իմ և ֆրանսիացի ժողովրդի անունից Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները: Ֆրանսիան և Հայաստանը կարող են հպարտանալ պատմական կապերի, համատեղ հիշողության և ընդհանուր տեսլականի վրա հիմնված հագեցած փոխհարաբերությունների համար: Այս առանձնահատուկ կապերն առավել քան երբևէ կազմում են մի հարստություն, որը մենք պարտավոր են զարգացնել: Դրանք մեզ դարձնում են ավելի ուժեղ՝ դիմագրավելու այն մարտահրավերներին, որոնք ծառացել են մեր երկրների առջեւ: Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել, որ Ֆրանսիան վճռական է՝ աջակցելու Հայաստանին փոփոխությունների այն խիզախ գործում, որ ձեռնարկել է Հայաստանի կառավարությունը 2018 թվականից ի վեր: Ֆրանսիան ձեր կողքին է՝ նպաստելու ձեր տնտեսության նոր վերելքին, ինչպես նաև աջակցելու Հայաստանին՝ ներդնելու երկարատև կոնկրետ ծրագրեր առողջապահության ոլորտում և կլիմայական փոփոխությունների հետևանքների դեմ պայքարում: Առավել քան երբևէ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր դերակատարները պատրաստ են աջակցել բարեփոխումներին եւ մասնակցել տնտեսական վերելքին: Հակառակ COVID-19 համավարակի հարկադրանքին, ես գոհունակություն եմ հայտնում համալսարանական, կրթական եւ մշակույթի ոլորտներում մեր համագործակցության վերջին ձեռքբերումների կապակցությամբ: Առիթից օգտվելով՝ ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, ոչ մի ջանք չի խնայի՝ հասնելու կողմերի միջեւ բանակցությունների արագ վերսկսմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ տևական կարգավորման հույսով: Խնդրում եմ՝ ընդունեք, պարոն նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը»:

Նմանատիպ նյութեր