211652_close_icon
views-count100934 դիտում article-date 20:00 25-04-2020

Մայրը պնդում է. Նուբարաշենի հոգեբուժարանում 22-ամյա առողջ տղայիս հասցրել են մահվան դուռը, «Էրեբունու» հիվանդանոցի բժիշկները փրկել են նրա կյանքը. պահանջում եմ պատասխանատվության ենթարկել անմարդկային վերաբերմունք ցուցաբերածներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 25-ին, [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url] է դիմել Մասիս քաղաքի բնակիչ, 42-ամյա Գեղեցիկ Մինասյանը, ով մեր միջոցով ցանկանում է դիմել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, որպեսզի վերջիններս հետամուտ լինեն իր 22-ամյա տղայի նկատմամբ դաժան ու անմարդկային վերաբերմունք ցուցաբերած՝ Նուբարաշենի հոգեբուժարանի 3-րդ բաժանմունքի աշխատակիցների գործողությունների հանդեպ: Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ զրույցում մայրն ասում էր. «Անցած տարվա դեկտեմբերին տղաս՝ 22-ամյա Էդվարդ Մինասյանը, դաշտում անասուն պահելիս է եղել, երբ կրակոցի ձայներ է լսել, ինչի պատճառով էր նրա մոտ վախ էր առաջացել և նրա մոտ նկատել ենք հոգեկան շեղում: Դիմեցինք Մասիսի բժիշկներից մեկին, ով դեղորայք նշանակեց ու խորհուրդ տվեց, որպեսզի տղայիս տեղափոխենք Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց՝ բուժումն այնտեղ շարունակելու նպատակով: Քանի որ նա արդեն ինչ-որ ձայներ էր լսում, իբր կրակում են, որ կովերը տանեն: Մենք էլ լսելով բժշկին, 4 ոստիկանների, շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ տղայիս տեղափոխեցինք Նուբարաշենի հոգեբուժարանի 3-րդ բաժանմունք: Տղայիս ուղեկցող բոլոր անձինք տեսան, որ նա իր ոտքով, ասել-խոսալով, տանից մինչև հոգեբուժարան գնաց: Այնտեղ ինձ ասացին, որ ի՞նչ է եղել քո տղային, առողջ է, մի քիչ ձայներ է լսում, կբուժենք, և մեկ շաբաթ հետո տղայիդ առողջ բաց կթողնենք: Ի՞նչ իմանայի, որ տղաս հայտնվել է դժոխքի մեջ: 7 օր, գրեթե ամեն օր զանգահարում էի՝ տեղեկանալու երեխայիս որպիսության մասին: Տարբեր պատճառաբանություններով հոգեբուժարանի աշխատակիցներից հստակ պատասխան չէի ստանում: Հետո զանգ եմ ստանում 3-րդ բաժանմունքի վարիչ Մհեր Թունյանից, ով հայտնում է, թե ձեր տղան առողջական լուրջ խնդիրներ ունի, միանգամից ընկել է ծայրահեղ ծանր վիճակի մեջ և պետք է տեղափոխվի «Էրեբունի» հիվանդանոց: Ես չսպասելով բժիշկ Թունյանի հետագա պարզաբանումներին, մեծ տղայիս հետ գնացի «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ տղայիս տեսա կյանքի ու մահվան միջև գտնվելիս: Նրա դեմքը նույնիսկ ինձ համար էր անճանաչելի դարձել: Ատամները կոտրված էին, ոտքը՝ վնասված, իսկ հագուստներն էլ, երբ հոգեբուժարանից պահանջեցի ու ստացա, վրան հայտնաբերեցի ոտքի հետք: Փառք աստծո, «Էրեբունու» հիվանդանոցի բժիշկները մարդ են բառիս բուն իմաստով: Նրանք քանի օր շարունակ կենաց-մահու պայքար տարան ու տղայիս էն աշխարհից ետ բերեցին: Նույնիսկ սեփական աչքովս եմ տեսել, թե ինչպիսի հոգատարությամբ էին «Էրեբունու» բժիշկներն ու քույրերը վերաբերվում տղայիս: Նրանց շնորհիվ հիմա տղաս ողջ է, սակայն «Էրեբունու» բժիշկները իրենց մարդկային ու մասնագիտական գործը կատարել են: Տղայիս հետագա բուժումը շարունակելու համար ինձ ասում են, որ պետք է երեխան նորից տեղափոխվի հոգեբուժարան: Ի՞նչ եք կարծում, «Էրեբունու» հիվանդանոցի բժիշկների շնորհիվ փրկված տղայիս նորից վստահե՞մ Նուբարաշենի հոգեբուժարանի անմարդկային վարքագծով աչքի ընկած բժիշկներին: Խնդրում ենք Գլխավոր Դատախազին, ՀՀ ոստիկանապետին, ՄԻՊ-ին, որ հետամուտ լինեն և մեղավորներին պատասխանատվության ենթարկեն: Առողջ երեխային տանես բժշկի մոտ, ու քեզ կիսամեռ մարմին հանձնեն»: Մի քանի հարևաններ էլ ասում էին. «Բոլորս շոկի մեջ ենք, թե ինչպես կարող էին հաղթանդամ, առողջ տղային էս օրը գցել: Մարդ է՞լ իր ոտքով գնա հիվանդանոց ու պատգարակով բերեն տուն: Մենք էլ ենք ուզում մեր երախտիքի խոսքն ուղղել «Էրեբունու» հիվանդանոցի բժիշկների, բայց նաև մեջ մեջ էլ ցասում կա, կցանկանայինք, որ Նուբարաշենի հոգեբուժարանի այն բժիշկները, որոնք մեղսակից են Էդվարդին մահվան դուռը հասցնելու համար, օրենքի ողջ խոստությամբ պատասխանատվության ենթարկվեն»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ արդեն Էդվարդի մայրը ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ արդեն տեղյակ են դեպքից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր