79388 դիտում
23:45 26-04-2020
Կաշառակերներ, ցուցարար ծեծողներ ու ՀՀԿ-ականներ՝ Աջափնյակի թաղապետարանում. Fip.am
Այս տարվա փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար նշանակվեց Թելման Թադևոսյանը, որը նախկինում կապեր է ունեցել ՀՀԿ-ականների հետ և այժմ թաղապետարանի տարբեր հաստիքներում նշանակում է կոռուպցիայի համար դատապարտված, խաղաղ ցուցարարների ծեծուջարդին մասնակցած ու ՀՀԿ-ական կադրերի, հայտնում է [url=https://fip.am/11267?fbclid=IwAR1E50qTHKdUqeapxH6zO2PBHerD_OBSMkrm0zolgAbkzILEeFXuNRltL5s]Fip.am[/url]-ը:
2020 թ. ապրիլին Թելման Թադևոսյանի տեղակալ է նշանակվել Գևորգ Բադեյանը։ Վերջինիս տղան` Երեմ Բադեյանը, Թադևոսյանի նշանակմամբ ևս աշխատում է նույն թաղապետարանի բաժիններից մեկում՝ որպես առաջատար մասնագետ։ Այսինքն՝ թաղապետի կատարած նշանակումների արդյունքում որդին հոր ենթական է, ինչը փաստացի շահերի բախում է: Սակայն հայրը, որդին ու թաղապետը նաև այլ կապեր ունեն:
Այսպես, Թելման Թադևոսյանին նախկինում պատկանած «Զառա» ՍՊԸ-ն 2013 թվականին Երևանի մետրոպոլիտենի հետ 25 տարով տարածքի վարձակալության պայմանագիր էր կնքել՝ վարձակալելով «Սասունցի Դավիթ» կայարանի 38․4մ² մակերեսով նախասրահը։ Ընդ որում, «Զառա» ՍՊԸ-ն հիմնադրվել էր այդ պայմանագրի կնքումից 18 օր առաջ։
Թեև ստեղծման պահին «Զառա» ՍՊԸ-ի բաժնեմասերի 100 տոկոսը պատկանում էր Թելման Թադևոսյանին, սակայն հետագայում 50 տոկոսն օտարվել էր մետրոպոլիտենի աշխատակից Գուրգեն Մինասյանին, իսկ 2018 թ․ հուլիսին Թելման Թադևոսյանը մնացած 50 տոկոս բաժնեմասը օտարել էր հենց վերը նշված Երեմ Գևորգի Բադեյանին։
Հատկանշական է, որ Թելման Թադևոսյանի նորանշանակ տեղակալ Գևորգ Բադեյանը ևս ներգրավված է եղել մետրոպոլիտենի տարածքների վարձակալության սխեմայի մեջ: Բադեյանը, ըստ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների, 2005 թվականից հանդիսանում է «Դիադին» ՍՊԸ-ի տնօրենը: Իսկ այդ ՍՊԸ-ն մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի ստորգետնյա անցումում ընդամենը 262 հազար դրամով վարձակալում է 130 մ² տարածք, որը (հավանաբար՝ շատ ավելի թանկ գնով) վերավարձակալությամբ տալիս է այլ տնտեսվարողների: Ի դեպ, Բադեյանի՝ քաղաքապետարանի կայքում տեղադրված կենսագրությունում նշվում է, որ վերջինս «Դիադին» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն է եղել 2001-2003 թթ.-ին, մինչդեռ, ինչպես վերը նշեցինք, ըստ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի, նա այս պաշտոնը զբաղեցնում է 2005-ից մինչ օրս։
Ընդ որում, «Դիադին» ՍՊԸ-ին տրամադրված գինն իրապես արտոնյալ է և մոտ 40 տոկոսով էժան է 2011 թվականին մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի կողմից սահմանված սակագնից: Արդյունքում, Երևան համայնքին պատկանող մետրոպոլիտենը զրկվել է միլիոնավոր դրամների եկամուտից:
Այպիսով, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը տարբեր պաշտոնների է նշանակում իր հետ միասին Երևանի մետրոպոլիտենից «արտոնյալ» գնով տարածք վարձակալելու սխեմաների մասնակցած անձանց:
Մետրոպոլիտենում ՀՀԿ-ական շրջանակների կոռուպցիոն գործարքների մասին առավել մանրամասն «Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձել էր դեռ 2019 թվականի դեկտեմբերին:
ՀՀԿ-ականները վերադառնում են ավելի բարձր պաշտոնների
Թադևոսյանի մյուս տեղակալը` Կարեն Մկրտչյանը, որը նշանակվել է այս պաշտոնին 2020 մարտին, նույնպես նախկին հանրապետական է, որը 2017-2019 թվականներին եղել է Վարդենիսի քաղաքապետի տեղակալը, իսկ 2017-ի ընտրությունների ժամանակ ակտիվ աշխատել է ՀՀԿ-ի համար:
Բացի նրանցից, նոր թաղապետի կողմից տարբեր բաժիններում նշանակվել են նաև այլ նախկին հանրապետականներ: Օրինակ, Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի նորանշանակ պետ Վարազդատ Ահարոնյանը հեղափոխությունից առաջ ղեկավարում էր ՀՀԿ-ի Աջափնյակի երիտթևը և աշխատում էր թաղապետարանում: 2019 թվականին նա հեռացվեց աշխատանքից, սակայն նոր թաղապետի կողմից նորից նշանակվեց, այն էլ՝ ավելի բարձր պաշտոնի (եթե նախկինում տեսուչ էր, ապա այժմ՝ բաժնի պետ):
Կոռումպացված ցուցարար ծեծողը՝ նոր պաշտոնում
Թաղապետարանում վերջերս գործի է ընդունվել նաև Արամայիս Ավետիսյանը, որը 2016 թվականի հուլիսի 29-ին՝ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ, մասնակցել է Սարի Թաղում ցուցարարների վրա հարձակումներին: Նա հենց այն քաղաքացիական հագուստով անձանցից էր, որոնք, ոստիկաններից առաջ ընկնելով, ծեծ ու ջարդի էին ենթարկում խաղաղ ցուցարարներին:
Մանրամասները՝ [url=https://fip.am/11267?fbclid=IwAR1E50qTHKdUqeapxH6zO2PBHerD_OBSMkrm0zolgAbkzILEeFXuNRltL5s]Fip.am[/url]-ում:
Նմանատիպ նյութեր
10528 դիտում
20:05 19-02-2020
Աջափնյակի նախկին թաղապետ Գևորգ Բաբայանի արկածների մասին պատմում են Աջափնյակի բնակիչները. ՏԵՍԱՆՅՈՒԹ