211652_close_icon
views-count2134 դիտում article-date 16:01 28-04-2020

Երևանի ավագանին որոշեց լուծարել «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն

Երևան քաղաքի ավագանին որոշում կայացրեց լուծարել «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն։ «[url=https://armenpress.am/arm/news/1013654.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին որոշումը կայացվեց Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ։ Զեկուցողը՝ քաղաքապետարանի աշխատակազմի Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը նշեց, որ ընկերության 74 աշխատակցից 62-ի հետ արդեն ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով լուծվել են աշխատանքային պայմանագրերը: «Երևանի ենթակայությամբ գործող այս ՓԲԸ-ի կողմից մատուցվել են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ։ Ներկայումս ընկերությունում ընթացիկ աշխատանքները համակարգելու համար աշխատում է 12 ֆիզիկական անձ»,- նշեց Բաբինյանը։ «Բարգավաճ Հայաստան կուսակցություն» խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը փորձեց զեկուցողից պարզել, թե ինչ ճակատագիր է ունենալու դիսպանսերի շենքը։ Բաբինյանն ասաց, որ շենքը գտնվում է բավականին լավ վիճակում, գուցե լինեն բիզնես առաջարկներ, որոնք կքննարկվեն և նպատակահարմար լինելու դեպքում կծավալվի որևէ գործունեություն։ Բաբինյանը նաև ընդգծեց, որ ստացիոնար բուժում ստացողները բուժումը կիրականացնեն Աբովյանում, իսկ ամբուլատոր բուժում ստացողները՝ դեղորայք կստանան իրենց վարչական շրջանի պոլիկլինիկաներից։ Որոշումն ընդունվեց 34 «կողմ», 6 «դեմ» և 4 «ձեռնպահ» ձայներով։ Այս նախագծին դեմ էին դիսպանսերի աշխատակիցները, նրանք բողոքի ակցիա էին իրականացնում։

Նմանատիպ նյութեր