211652_close_icon
views-count3880 դիտում article-date 09:01 05-05-2020

Փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակ. Զատուլինը՝ Լավրովի հայտարարության մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ապրիլի 22-ին արած հայտարարության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը, խոսելով արցախյան հակամարտության կարգավորման մասին, գրել էր. «Փաստաթղթերը ենթադրում են կարգավորման փուլային մոտեցում՝ առաջին փուլում ենթադրելով ամենաարդիական խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի քանի շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ կապերի ապաարգելափակում»: Սակայն ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի երեկվա հայտարարությունը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին միանգամայն հակառակն էր: Անդրադառնալով հարցին՝ ի վերջո Հայաստանի համար ընդունելի է խնդրի կարգավորման փուլային, թե փաթեթային տարբերակը՝ նախարարը հայտարարեց. «Մեզ համար չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները համադրելի են և վերահսկվում են: Կրկնում եմ, եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմն ավելի մեծ չափով է իրականացնում իր պարտավորությունները՝ չստանալով համադրելի քայլեր մյուս կողմից, խախտում է իր անվտանգային դիրքերը: Նման իրականացումն անհնար է»: Այսպիսով, ՀՀ արտգործնախարարը, ըստ էության, հերքեց Սերգեյ Լավրովին: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս թեմայի շուրջ զրուցել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ, որի տեսակետը ևս համընկավ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի խոսքի հետ: «Որպեսզի կարողանամ մեկնաբանել Սերգեյ Լավրովի հայտարարությունները, պետք է լսել նրան և հասկանալ՝ ինչպես է նա տեսնում հարցի կարգավորումը, և միայն դրանից հետո մենք կկարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում: Ես լիովին հասկանում եմ, որ արցախյան հակամարտության սկզբունքներն ակնհայտ են, և դրա համար Լավրովի կամ մեկ այլ անձի հայտարարություն պետք չէ: Պետք է լինի գործարք, որը, սակայն, չի ստացվում իրականացնել: Ես մինչև վերջ չգիտեմ, թե ինչ նկատի ուներ Լավրովը, սակայն կարծում եմ՝ արցախյան հակամարտության լուծումը կունենա փաթեթային լուծում, քանի որ կողմերը միմյանց չեն վստահում»: Հավելենք՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին այս թեմայի շուրջ հայտարարությամբ հանդես կգան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ փորձելով և՛ երկրորդել Սերգեյ Լավրովի հայտարարությունները, և՛ բացատրել իրավիճակը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր