211652_close_icon
views-count1626 դիտում article-date 18:28 22-05-2020

Չեխիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատը լիագումար նիստում միաձայն ընդունեց /Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված/ բանաձև, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։ Այսպիսով Չեխիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Չեխիայի Սենատի ընդունած բանաձևը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չունեն: 105 տարի անց ևս միջազգային հանրությունը հիշում է Հայոց ցեղասպանությունը՝ մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկը և տալիս արժանի գնահատական: Փաստաթուղթը կյանքի կոչվեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահներ Միլան Շտյեխի և Միլուշե Հորսկայի, ինչպես նաև Սենատի մյուս անդամների հետևողական և սկզբունքային գործունեության արդյունքում: Հայոց ցեղասպանության հիմնահարցը մշտապես եղել է հայ-չեխական միջխորհրդարանական օրակարգի անկյունաքարերից։ Օրենսդիր մարմինների նախագահների, ինչպես նաև խորհրդարանական բարեկամական խմբերի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության արդյունքում արգասավոր քննարկումների հարթակ է ստեղծվել՝ իր կարևոր ձեռքբերումներով։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության վերականգնման ու ժխտողականության վտանգավոր քաղաքականության դեմ պայքարի համար, այլ նաև կրոնական և էթնիկ պատկանելության հողի վրա կատարվող հանցագործությունների կանխարգելման, մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր