211652_close_icon
views-count1589 դիտում article-date 15:53 25-05-2020

ՀՀ ՄԻՊ-ի առաջարկները զինապարտների առողջական վիճակի հետազոտության և փորձաքննության վերաբերյալ. տարեկան հաղորդում

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են զինապարտներին պատշաճ բժշկական հետազոտության ենթարկելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետման իրավունքների տրամադրման խնդիրների վերաբերյալ բողոքներ։ Հաշվի առնելով բողոքների ուսումնասիրությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը 2019 թվականի տարեկան հաղորդման մեջ ներկայացրել է առաջարկներ․ 1. բոլոր այն դեպքերում, երբ զորակոչիկը համաձայն չէ զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացության հետ, նրան ներկայացնել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը, 2. էապես հակասող բժշկական փաստաթղթերի առկայության դեպքում կրկնակի փորձաքննությունից առաջ իրականացնել նաև լրացուցիչ բժշկական հետազոտություններ, 3. եթե սեփական նախաձեռնությամբ և զինկոմիսարիատի ուղեգրով կատարված բժշկական հետազոտությունների արդյունքներում առկա են էապես տարբերվող և պիտանիության աստիճանի հնարավոր փոփոխության հանգեցնող տվյալներ, ապա ուղեգրել լրացուցիչ հետազոտությունների, 4. փորձաքննությունները պատշաճ իրականացնելու նպատակով բժշկական հետազոտություններն անցկացնել առավել թիրախային գործիքակազմով՝ ապահովելով զինապարտների առողջական վիճակի վերաբերյալ մանրամասն և հստակ տեղեկություններ ստանալու գործընթացի արդյունավետությունը (օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆիայի փոխարեն իրականացնել մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա), 5. եզրակացություն ներկայացնել զինապարտի առողջական բոլոր խնդիրների վերաբերյալ, նույնիսկ եթե առողջական խնդիրներից մեկով հիմքեր կան նրան տարկետում տրամադրելու, 6. հիվանդությունների «քանակական փնջի» հետ միասին քննարկել հիվանդությունների «որակական փունջ» սահմանելու հարցը, 7. նախատեսել, որ զինվորական ծառայության ընթացքում հինգերորդ հիվանդության ձեռքբերումը հիմք է զինծառայողի պիտանիության վերանայման համար, 8. սահմանել մեկ օրվա ընթացքում առողջական վիճակի փորձաքննություն իրականացնելու զինապարտ քաղաքացիների առավելագույն թվաքանակ, 9. Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշմամբ սահմանել, որ փորձաքննվողը բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների նիստերին որպես խորհրդատու կարող է ներգրավել համապատասխան մասնագետի, 10. «անգիոտրոֆոնևրոզ» հիվանդություն ունեցող զորակոչիկների փաստացի առողջական վիճակը պարզելու համար նրանց բժշկական հետազոտություններն ու փորձաքննությունը կազմակերպել ձմեռային զորակոչին (տարկետման ժամկետը որոշելիս պարտադիր հաշվի առնել, որ կախված եղանակից հիվանդության արդյունքներն էականորեն կարող են տարբերվել)` նկատի ունենալով, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովն ունի «մինչև մեկ տարի» ժամկետով տարկետում տրամադրելու հայեցողություն և հաշվի առնելով, որ նշված հիվանդությունն առավել արտահայտվում է ցուրտ եղանակին, 11. վերանայել Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման կարգավորումը և ամրագրել, որ լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական հետազոտությունը զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում զորակոչիկները ճանաչվում են բուժման կարիք ունեցող, և նրանց տրվում է տարկետում մինչև հաջորդ զորակոչ, 12. քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ ներկայացվող եզրակացության ներածական, նկարագրական, պատճառաբանական մասերը, ախտորոշումը, ինչպես նաև եզրափակիչ մասը լրացնել ամբողջությամբ, 13. բժշկական փաստաթղթերը ստանալու քաղաքացիների իրավունքն ապահովելու նպատակով խստացնել հսկողությունը զինկոմիսարիատների, բժշկական հաստատությունների, զինվորական հոսպիտալների, բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների գործունեության նկատմամբ: Նշենք, որ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա աշխատանքի առանցքային ուղղություններից է։ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին առնչվող հարցերով Պաշտպանին կարելի է դիմել 116 կամ 096116100 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարներով: Թեմայի վերաբերյալ մանրամասները՝ Տարեկան հաղորդման մեջ (480-492 էջեր): Տարեկան [url=https://www.ombuds.am/images/files/15b2661f76d10eb07746d7d4d4dec84f.pdf]հաղորդումը[/url]՝

Նմանատիպ նյութեր