211652_close_icon
views-count883 դիտում article-date 10:37 27-05-2020

Դժվար է համոզել, որ դիմակ կրելը բխում է իրենց ու իրենց հարազատների շահերից․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ մի քանի տարի առաջ արագաչափերի և տեսախցիկների դեմ «համաժողովրդական պայքարը» գագաթնակետին էր հասել, ֆեյսբուքի օգտատերերը հրապարակում էին տարբեր հնարքների նկարագրություններ, թե ինչպես կարելի է քաղաքում քշել 100 կմ/ժամ արագությամբ և չտուգանվել: Դա համարվում էր քաղաքացիական խիզախության, չսիրած իշխանություններին հակադրվելու կամ պարզապես «լավ տղա» երևալու դրսևորում: Ճնշող փոքրամասնությունը, որի մեջ ես էլ էի մտնում, փորձում էր համոզել, որ օրենքները պետք է հարգել բոլոր դեպքերում, և չտուգանվելու համար անհրաժեշտ է մեքենա վարել երթևեկության կանոններին համապատասխան: Դրան ի պատասխան՝ «լավ տղերքը» լավագույն դեպքում ասում էին, որ ես երթևեկությունից ոչինչ չեմ հասկանում, ոմանք էլ կասկածում էին, թե իշխանությունն ինձ ռուսական համարանիշներ է նվիրել, որպեսզի քշեմ ինչպես քեֆս տալիս է: Այդպիսով դաստիարակվել է «հպարտ քաղաքացիների» նոր սերունդ՝ չնայած պետք է ընդունել, որ նախորդ սերունդները պակաս «հպարտ» չէին, և, օրինակ, խորհրդային պետությունից գողանում էին 2 կոպեկանոց լույսը: «Հպարտության» նման աստիճանի հասած մարդկանց դժվար է համոզել, որ դիմակ կրելը բխում է հենց իրենց ու իրենց հարազատների շահերից: Նրանք կա՛մ ենթադրում են, որ իշխանության այս կամ այն ներկայացուցիչը «դիմակի գործ է դրել», կա՛մ կարծում են, որ իշխանությունը, չկարողանալով կորոնավիրուսի դեմն առնել, հիմա պայքարի իմիտացիա է անում, կա՛մ էլ՝ վստահ են, որ ոչ մի կորոնավիրուս էլ չկա, և դիմակ կրելու պարտադրանքը համաշխարհային դավադրության մի մասն է: Բնակչության մեծամասնությունը սիրում և վստահում է մեր իշխանությանը, երբ այն խոսում է «թալանչիներին պատժելու» և «հեղափոխական օրակարգի» այլ, նման կետերի մասին: Այդ խոսակցությունները դրական ռեզոնանսի մեջ են մտնում զանգվածային մտածողության հետ: Բայց նույն մտածողությունը կտրականապես մերժում է պետության կողմից որևէ պարտադրանք, որն այդ մտածողության կրողներին նեղություն է պատճառում: Այս պարագայում մարդիկ իշխանության հանդեպ որևէ վստահություն չունեն և ամեն ինչ անում են՝ պարտադրանքից խուսափելու համար: Ըստ այդմ՝ դիմակ կրելը ղզիկություն է, դոդիկություն է և, վերջապես, ամոթ է: Ինչպես և «60»-ի նշանի տակ 60 կմ/ժամ քշելը: Դե, լավ՝ եթե ստիպում են, պիտի ձև անենք, թե կրում ենք, ստուգելու ժամանակ արագ մի կերպ հարմարեցնենք, հետո խոթենք հետևի գրպանը, իսկ եթե էլի ստուգողներ են երևում, նորից հանենք-դնենք: Մի ձևի խաբենք, որ մեզնից վազն անցնեն: Ինչպես արագաչափերին էինք խաբում: Այդ համընդհանուր անվստահությանն ու անհավատությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ կորոնավիրուսի տարածման առաջին շաբաթների ընթացքում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները քամահրանքով էին խոսում համավարակի և բուն դիմակների մասին: Եվ դա դարձյալ դրական արձագանք էր գտնում զանգվածների սրտերում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր