211652_close_icon
views-count3209 դիտում article-date 18:54 03-06-2020

Տարիներ հետո կանդրադառնան այս խնդիրներին, սակայն արդեն ուշ կլինի… Քաղաքացի Արման Հարությունյանը բաց նամակով դիմում է Նիկոլ Փաշինյանին

[b]Քաղաքացի Արման Հարությունյանը բաց նամակով դիմում է Նիկոլ Փաշինյանին.[/b] «Մեծարգո պարոն Փաշինյան Ամենևին չանտեսելով համաշխարհային համավարակով պայմանավորված գերլարված, ծանր իրավիճակը, այնուամենայնիվ հարկ եմ համարում անդրադառնալ հետևյալ խնդրին: Ձեզ եմ դիմում բաց նամակով, քանի որ Ձեզ հասցեագրված 25.05.2020թ. դիմումս (մուտքագրվել է 150/44008-2020 համարի ներքո) վերահասցեագրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, հաշվի չառնելով, որ այդ գերատեսչությունն ի դեմս նախարարի տեղակալի, ով հանդիսանում է նախարարին կից մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անունից, արդեն իսկ հայտնել է բացասական դիրքորոշում: Հաշվի առնելով 18 տարեկան երիտասարդ դաշնակահարների համար հարցի ճակատագրական բնույթն ու հրատապությունը՝ որդուս օրինակով Ձեզ եմ ներկայացնում խնդրի բուն էությունը: Որդուս՝ Ռուբեն Հարությունյանի, որպես դաշնակահար մասնագիտական գործունեության համառոտ նկարագիրն է. • 2011թ. Փարիզի «Flame» 22-րդ միջազգային մրցույթ՝ 1-ին տեղ (Ֆրանսիա), • 2013թ. «Luigi Zanuccoli» 11-րդ միջազգային մրցույթ` 2-րդ տեղ (Իտալիա), • 2014թ. «Վերածնունդ» 6-րդ միջազգային մրցույթ-փառատոն` պատվավոր դիպլոմակիր, • 2015թ. «Առնո Բաբաջանյան» 3-րդ միջազգային մրցույթ-փառատոն` 4-րդ տեղ, • 2017թ. «Արտ Մյուզիք» հանրապետական 8-րդ մրցույթ-փառատոն՝ 1-ին տեղ, • 2019թ. «Արտ Մյուզիք» միջազգային 10-րդ մրցույթ-փառատոն՝ մեծ մրցանակ (Grand Prix), • 2019թ. 8-րդ Ռիգայի միջազգային մրցույթ՝ ֆինալիստ-դիպլոմակիր (Լատվիա), • Սույն թվականի փետրվարի 17-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լյուբեկ քաղաքում մասնակցել է Die Musikhochschule Lübeck (MHL) երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություններին (երաժշտության բակալավր՝ դաշնամուրային բաժին): Վերադարձել է հայրենիք, ակնկալելով՝ նվաճումների հաշվառմամբ օրենքով սահմանված կարգով տարկետում ստանալու և ուսումը Գերմանիայում շարունակելու համար: Արդյունքում քննական հանձնաժովի և ԲՈՒՀ-ի նախագահի որոշմամբ նրան լրացուցիչ տեղ է հատկացվել: • Մասնակցել է բազմաթիվ համերգների, • Հանդես է եկել մենահամերգով (2019թ. Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի 90 ամյակի կապակցությամբ), • Մի շարք երաժշտական ստեղծագործությունների հեղինակ է: Ռուբեն Հարությունյանի ներկայիս մասնագիտական կարողությունների և պոտենցիալի մասին լավագույնս ներկայացված է նաև բնագավառի հեղինակավոր գործիչների երաշխավորագրերում: Առկա է օրենսդրական կարգավորում և օրենքի տրամաբանությունն ակնհայտ է՝ ապահովել նշանակալի նվաճումներ ունեցող երիտասարդների կատարելագործման անընդհատությունը: Խնդիրն առնչվում է կատարողական արվեստի ներկայացուցիչների տարկետման համար նշանակալի նվաճումները պարզելու ընթացակարգին, որը գործունեությունը շարունակելու (նաև միջազգային ԲՈՒՀ-երում կատարելագործվելու) միակ երաշխիքն է, քանի որ (մեջբերումներ երաշխավորագրերից) «… երիտասարդը, ով ընտրել է երաժշտարվեստի կատարողական ճյուղը, գնում է շատ երկար ու բարդ ճանապարհով, նրա համար յուրաքանչյուր օրն ու ժամն ունի անդառնալի նշանակություն իր զարգացման և կատարելագործման համար: Երաժշտական գործունեությունից կտրվելն ապագայի համար մեծ կորուստ կլինի …», «… Արվեստի զարգացմանն ուղղված գործընթացը հարկավոր է դիտարկել նոր սերնդի ներուժի ներգրավմամբ: Շատ կարևոր է նաև միջազգային ասպարեզում հայ երաժիշտների հնարավորությունների ընդլայնմանն ուղղված երաշխիքների ապահովումը …»: Դաշնակահարի անցած ճանապարհը և այդ բնագավառի հեղինակավոր գործիչների կարծիքը հաշվի չառնելու պրակտիկան անհրաժեշտ է մեկընդմիշտ արմատախիլ անել։ 18 տարեկան կատարողական արվեստի ներկայացուցիչների համար առկա են անհաղթահարելի խոչընդոտներ, որի մասին փաստում է մշակույթի և արվեստի բնագավառներում «նշանակալի նվաճումներ» ունեցող երիտասարդների գրեթե բացակայությունը: Կատարողական արվեստի բնագավառում տարկետում ստացած 18 տարեկան անձանց ցանկը և հիմք հանդիսացած նշանակալի նվաճումներն աչքի անցկացնելով կարծում եմ կհամոզվեք, որ այն չի բխում պետության շահերից: 2018թ. ապրիլի 16-ին երբ Երևանի փողոցներում հեղափոխություն էր հասունանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ստորագրում է կառավարության մի որոշում, որը սահմանում է մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգն ու պայմանները: 2018թ. հունիսի 18-ին արդեն հաղթանակած, բայց ի հեճուկս «իրավիճակ փոխողների», ինչ-որ ուժերի աջակցությամբ (իներցիայով, թե ոչ, չեմ կարող պնդել) և իրավական որոշ ընթացակարգեր շրջանցելով ի հայտ են գալիս նոր պայմաններ արդեն ՀՀ մշակույթի նախարարի հրամանի տեսքով: Եթե կառավարության որոշմամբ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող են համարվում՝ կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն երկու նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները, ապա հրամանով սահմանվում է հավելյալ պահանջ, որ այդ նախագծերը պետք է ընդգրկված լինեն հրամանի ցանկում և բաղկացած լինեն առնվազն երկու փուլից: Որոշմամբ ՀՀ մշակույթի նախարարին վերապահվել է ստեղծել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողով և հաստատել դրա կազմն ու գործունեության կարգը և ոչ երբևէ Որոշման մեջ օգտագործված եզրույթների պարզաբանում կամ որևէ այլ կերպ հստակեցում, ինչպիսին կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր նախագծերի ցանկի սահմանումն է: Նման իրավասություն ՀՀ մշակույթի նախարարին վերապահված չէ: Հրամանի անկատարությունն ակնառու է գոնե 2002թ. ծնվածների վրա տարածելու դեպքում, քանի որ հրամանի ուժի մեջ մտնելու պահին նրանք արդեն 16 տարեկան էին, և հրամանին հետադարձ ուժ տալով մինչ այդ նրանց ունեցած նվաճումները (ձեռքբերումները) հրամանի ուժով անտեսվում են: Հարկ է նշել նաև, որ համաշխարհային պրակտիկայում երաժշտական կատարողական արվեստի մրցույթները մինչև 16 տարեկան հիմնականում կազմակերպվում են մեկ փուլով, ըստ տարիքի՝ փոքր տարբերությամբ տարիքային խմբերով, հաշվի առնելով կատարողի տարիքին բնորոշ ֆիզիոլոգիական հատկանիշները: Մյուս կողմից հրամանի ցանկում ընդգրկված մրցույթներն ունեն մասնակցության հետևյալ սահմանափակումները. • մրցույթների մի մասն անցկացվում են 2-4 տարին մեկ պաբերականությամբ, • մրցույթների մեծ մասն անցկացվում են հիմնականում 17-35 (կամ 18-ից բարձր) տարիաքային մեկ խմբով, և որոնց մրցանակային ֆոնդը հազարավոր (երբեմն հարյուր հազարավոր) ԱՄՆ դոլար է կազմում, և նման մրցույթում հաղթելը կարելի է նշանակալի նվաճում համարել ոչ թե մասնագիտական այլ թերևս ֆինանսական առումով: Հասկանալի է, որ 16-18 տարեկան երաժիշտ կատարողն ինչքան էլ տաղանդավոր լինի, նրա մրցակցությունը 35 տարեկանի հետ սահմանափակվում է «կարևորը մասնակցությունն է» լոզունգով և փորձառություն ձեռք բերելով: Հրամանի պայմանների և Որոշման «…հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած…» պայմանի համադրման արդյունքում մինչև 18 տարեկան անձինք գրեթե զրկվում են «նշանակալի նվաճում» արձանագրելուց: Եթե դրան էլ ավելացնենք, որ կարգավորումները վերաբերվում են 18-25 տարեկան երիտասարդներին (տարկետման հավակնող) կստացվի, որ նման պայմաններ սահմանելու նպատակն ամենևին էլ բարձր նշաձողը չէ, այլ ընդհակառակը՝ ցանկի ոչ ճիշտ կիրառման (սխալ կարգավորումների) արդյունքում սահմանափակվում և խեղաթյուրվում է ամբողջ պրոցեսը: Վերոհիշյալ սահմանափակումները պրակտիկորեն գրեթե անհնարին են դարձնում շարքային քաղաքացու կողմից նման մրցույթներ գտնելը: Ստացվում է, որ միջազգային երաժշտական ասպարեզում կապեր ունեցող մեր սակավաթիվ հայրենակիցներին է միայն հասու (աշխատանքի բերումով թերևս կամ գործընկերների հետ անձնական հարաբերությունների շնորհիվ) դրանց մասին ժամանակին տեղեկանալը, պատրաստելն ու մասնակցություն ապահովելը: Իսկ այժմ ամենազավեշտալին. հանձնաժողովը ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից խորհրդակցական մարմին է, և նրա կայացրած եզրակացություններն ունեն խորհրդատվական բնույթ, այլ կերպ ասած հանձնաժողովը մշակույթի և արվեստի բնագավառների հեղինակավոր մասնագետների օգնությամբ իր եզրակացությունը պետք է տար տարկետման իրավունքի հավակնող քաղաքացու վերաբերյալ: Սակայն հրամանը խեղաթյուրելով կարգավորման տրամաբանությունը սահմանափակում է հանձնաժողովի լիազորությունները, նսեմացնելով նրա դերն ու նշանակությունը, քանի որ մշակույթի և արվեստի հեղինակավոր մասնագետներին՝ որպես հանձնաժողովի անդամ մնում է միայն արձանագրել մրցույթը նախարարի սահմանած ցանկում ընդգրկված է, թե ոչ: Ներկայումս կիրառվող կարգավորումները փաստացի հանձնաժողովին ոչ մի հնարավորություն չեն տալիս դիմումատուների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա բովանդակային քննարկում ծավալելու, կարծիք ձևավորելու և խղճի մտոք քվեարկելու, այլ կրում են բացառապես մտացածին բնույթ, քանի որ հանձնաժողովի աշխատանքը սահմանափակված է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը որոշելով: Մշակույթի և արվեստի հեղինակավոր մասնագետները՝ որպես հանձնաժողովի անդամ միգուցե «վիճեն», թե որն է հեղինակավոր մրցույթ և որը՝ ոչ կամ որն է ավելի հեղինակավոր, բայց ոչ երբեք նախարարի սահմանած ցանկում ընդգրկված է, թե ոչ: Հրամանի գործադրմամբ կանխվում է 18 տարեկան կատարողական արվեստի ներկայացուցիչների շարունակական զարգացման ընթացքը, որն անխուսափելիորեն թողնելու է անդառնալի հետևանքներ: Սույն թվականի մայիսի 14-ին ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել 2020թ. ամառային զորակոչից մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ և պարզվում է, որ հանձնաժողովի եզրակացություններ են տրվել հիմք ընդունելով Հրամանը: Գործընթացն ի դեպ իրականացվել է ՀՀ օրենսդրության մի շարք խախտումներով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում մինչ օրս հրապարակված չէ Հանձնաժողովի գործող կազմը և գործունեության կարգը (խոսքը նույն հրամանի մասին է), ինչպես նաև չի ապահովվել դիմում ներկայացրած քաղաքացու կամ նրա ծնողի կամ նրա կողմից նշված այլ անձի նիստին մասնակցելու հնարավորությունը: Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ մշակույթի և արվեստի բնագավառներում միջազգային ԲՈՒՀ-եր ընդունվելու (սովորելու) հանգամանքը նույնպես ոչ մի գնահատականի չի արժանանում և՛ իրավական կարգավորումների, և՛ հանձնաժողովի իրավունակության բացակայության պատճառով: Չէ որ օտարերկրյա բուհեր ընդունվելու և սովորելու համար, բացի կատարողական արվեստից նաև հավելյալ հմտություններ (երաժշտության տեսություն, օտար լեզվի իմացություն) և ֆինանսական ահռելի միջոցներ են պահանջվում, և ընդունվելու չափորոշիչներն ու միջազգային մրցակցությունն այդ բուհերում ամենևին էլ չեն զիջում միջազգային մրցույթներին: Ժամանակը չէ արդյո՞ք, որ պետությունն իր քաղաքացիների համար երաշխիքներ ապահովի կատարողական արվեստը կատարելագործելու անընդհատության և միջազգային ասպարեզում հայ երաժիշտների հնարավորությունների ընդլայնման համար: Ներկայումս պետությունը հիշյալ հրամանով հավելյալ հսկայական բեռ է դնում քաղաքացու ուսերին: Դժվար չէ կռահել ինչ միջոցներ են անհրաժեշտ միջազգային մրցույթներին անչափահասի մասնակցությունը գոնե մի քանի անգամ ապահովելու համար, որպեսզի երկու փուլով անցկացվող հրամանի ցանկում ընդգրկված մրցույթներում երկու անգամ մրցանակային տեղ զբաղեցնել: Նման ցանկերի սահմանումը թեկուզ և առերևույթ տրամաբանական, սակայն դիմորդների համար առաջացնում է անհաղթահարելի կամ գրեթե անհաղթահարելի խոչընդոտ: Մենք ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ և նրանց մասնագիտական զարգացման անընդհատությունն ապահովելը պակաս կարևոր չէ քան Հայրենիքի պաշտպանությունը: «Ազգ» հասկացությունից բխում է, որ առանց մշակույթ ազգ չի լինում, հետևաբար մշակույթի պահպանությունը և արվեստի զարգացումը նույնպես ազգային անվտանգության հարց է: Մարդկության պատմության չգրված օրենք է՝ գիտության և արվեստի մարդկանց ռազմաճակատից հեռու պահել և փայփայել: Այսպես շարունակվելու դեպքում, տարիներ անց մենք չենք ունենա արական սեռի կատարողական արվեստի ներկայացուցիչներ և, ինչու չէ, նաև ստեղծագործողներ, ինչն էլ ահռելի վնաս կհասցնի մեր մշակույթին ու արվեստին: Իսկ ուր մնացին մեր ապագա Արամ Խաչատրյանները, Բաբաջանյանները, Բաղդասարյանները… Տարիներ հետո կանդրադառնան այս խնդիրներին, սակայն արդեն ուշ կլինի… Միաժամանակ տեղեկացնում եմ, որ 25.05.2020թ. դիմումի մեջ ներկայացված են իրավական վերլուծություն և հանգամանքներ, որոնք ըստ իս հանգեցրել են նման իրավիճակի: Խնդրում եմ Ձեր բարձր դիրքից ուշադրության արժանացնել և արձագանքել հանրային նշանակության այս խնդրին, քանի որ այն և՛ բարոյական, և՛ իրավական առումով հնարավոր է լուծել միայն գործադիր իշխանության կամքի առկայության դեպքում: Ցանկանում եմ առողջություն Ձեզ և Ձեր ընտանիքին Կանխավ շնորհակալություն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր