211652_close_icon
views-count967 դիտում article-date 16:33 08-06-2020

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ Զորակի համայնքապետարանում. վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Արարատի մարզի Գեղանիստի համայնքապետարանի ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են մեկ այլ` Արարատի մարզի Զորակի համայնքապետարանի աշխատակիցների կողմից առերևույթ կատարված կոռուպցիոն հանցագործություններ: Մասնավորապես պարզվել է, որ Զորակ համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, գլխավոր հաշվապահի, հաշվետար-գանձապահի և մի քաղաքացու օժանդակությամբ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2012-2018թթ. ընթացքում համայնքի ֆինանսական միջոցներից վատնման եղանակով առերևույթ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3.8մլն ՀՀ դրամ գումար: Համայնքի ղեկավարը մարզի Այնթապ համայնքի մի բնակչուհու 2012թ. դեկտեմբերի 4-ի իր մի որոշմամբ նշանակել է Զորակի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի պաշտոնին` նախապես տեղյակ լինելով, որ վերջինս չի հաճախելու աշխատանքի: Այդ հաստիքում վերջինս հրամանագրված է եղել մինչ 2018թ. մայիսի 26-ը, սակայն երբևէ աշխատանքի չի եկել և չի կատարել իր վրա դրված պարտականությունները: Այդ պայմաններում համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի հետ նախնական համաձայնությամբ, տվյալ անձի, համայնքապետարանի գլխավոր հաշվապահի և հաշվետար-գանձապահի օժանդակությամբ աշխատավարձերի հաշվարկի տեղեկագրերում, աշխատողների հաճախելիության հաշվառման մատյանում, համայնքապետարանի աշխատավարձի վճարային տեղեկագրերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ նշված անձի կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ: Բովանդակությամբ կեղծ տեղեկագրերի հիման վրա համայնքապետարանի գլխավոր հաշվապահը համայնքի ղեկավարի ապօրինի ցուցմումով յուրաքանչյուր ամիս հաշվարկել է աշխատավարձ և պարտադիր այլ վճարներ և այդ ժամանակահատվածում համայնքապետարանի կողմից նշված անձի անվամբ փոխանցվել է ընդհանուրը` 3.779.696 ՀՀ դրամ աշխատավարձ, որն ամբողջությամբ ստացվել և տնօրինվել է վերջինիս կողմից: Այդ կերպ կատարվել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև վատնման եղանակով Զորակ համայնքի ֆինանսական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով նշված գումարը: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Զորակ համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Եվս 4 անձի մեղադրանքներ են առաջադրվել առերևույթ այդ հանցավոր արարքները կատարելուն օժանդակելու կամ հանցակցելու հատկանիշներով: ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից դրսևորված հետևողականության արդյունքում ենթադրյալ հանցագործությամբ պատճառված, գործի քննության սույն փուլում պարզված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր